Միջուկային պատերազմի միակ արդյունքը, եթե այն սանձազերծվի, կլինի մարդկության ոչնչացումը. դրանում հաղթողներ չեն կարող լինել: Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում ասել է ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի նախագահ Աբդուլլահ Շահիդը։

«Ես լիովին համաձայն եմ, որ միջուկային պատերազմում հաղթողներ չեն կարող լինել: Միջուկային պատերազմի միակ արդյունքը մարդկության ոչնչացումն է»,- ասել է Շահիդը:

«Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագիրը միջուկային զենքի չտարածման գլոբալ ռեժիմի հիմնաքարն է, միջուկային զինաթափմանը հասնելու կարևոր հիմք և միջուկային էներգիայի խաղաղ օգտագործման զարգացման կարևոր տարր: Մենք պետք է կրկնապատկենք մեր ջանքերը՝ միջուկային զենքից զերծ աշխարհ կառուցելու համար: Սա ուղերձ է, որը ես վճռականորեն քարոզում եմ»,- նշել է Շահիդը։

Աղբյուրը հիշեցնում է, որ ՌԴ և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ջո Բայդենի առաջին հանդիպման ժամանակ ղեկավարներն ընդունել են համատեղ հայտարարություն, որում ասվում է, որ Ռուսաստանի Դաշնությունը և ԱՄՆ-ն հաստատում են իրենց հավատարմությունը այն սկզբունքին, որ միջուկային պատերազմում հաղթողներ չեն կարող լինել և այն երբեք չպետք է սանձազերծվի։ Նույն սկզբունքը ամրագրվել է ԽՍՀՄ-ի և ԱՄՆ-ի ղեկավարների կողմից 1985 թվականին Ժնևում կայացած հանդիպման ժամանակ։

Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագիրը (ուժի մեջ է 1970-ից) սահմանում է, որ միայն հինգ երկիր (ԽՍՀՄ, ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա և Չինաստան) ունի միջուկային զենք և արգելում է նոր միջուկային տերությունների առաջացումը:«Միջուկային հնգյակը» պարտավորվել է միջուկային զենք չփոխանցել այլ երկրներ և չօգնել դրանց ստեղծմանը, իսկ պայմանագրի մնացած կողմերը պարտավորվել են չընդունել կամ ստեղծել ատոմային ռումբ։

Tert.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն