Ամեն հաջորդ ասուլիսն ու հայտարարությունը էլ ավելի է մեծացնում այն մղձավանջը, որի մեջ մենք հայտնվել ենք արդեն երեք տարի։ Առաջ այդ մղձավանջը ներքաղաքական էր՝ տարբեր պետական մարմինների ավիրումից մինչեւ տարբեր՝ իրեն դուր չեկած մարդկանց ասֆալտին փռելով, հիմա արդեն արտաքին քաղաքական է եւ ամենակարեւորը՝ Արցախի դեմ ուղղված։

Բայց այսօրվա գրառումը, որով ցանկացել է արձագանքել իր ասուլիսին արձագանքողներին եւ հատկապես՝ արցախցիների սուր արձագանքին է հակադարձում, պարզապես ամոթալի է, խղճուկ՝ հուսահատ մարդու ջանքեր։ Ոչ միայն հուսահատ, այլեւ մտքի ու տրամաբանության իսպառ բացակայություն։

Ասում է․ 

«Լեռնային Ղարաբաղի Ինքնավար մարզի ադրբեջանական բնակչության մասնակցությունը ԼՂ վերջնական կարգավիճակի որոշմանը՝ արդեն որպես ժամանակակից Լեռնային Ղարաբաղի բնակչության մաս՝ արձանագրված է Մադրիդյան սկզբունքներում, որոնք հայկական կողմը դեռեւս 2007 թվականից ընդունել է որպես բանակցությունների հիմք: Բարեբախտաբար, թե դժբախտաբար չենք կարող ասել, թե Հայաստանի կամ Արցախի որեւէ քաղաքական գործիչ դրանից տեղյակ չի եղել, որովհետեւ Մադրիդյան սկզբունքները շատ վաղուց, դեռ իմ վարչապետ դառնալուց առաջ հրապարակված են համացանցում: Այստեղից հարց է ծագում, ինչո՞ւ երբեմնի բարձրաստիճան պաշտոնյաները չեն ընդվզել սրա դեմ»:

Իսկ ինչո՞ւ պետք է դրան դեմ լինեին՝ եթե դա մեր փոխզիջումն էր՝ Արցախի անկախության դիմաց։ Եթե Արցախը ճանաչվում էր անկախ պետություն՝ իր բոլոր ատրիբուտներով, ապա նրա բնակչության կազմում կարող էին նաեւ այլազգիներ լինել, այդ թվում՝ ադրբեջանցիներ, որոնք կենթարկվեին հայկական Արցախի պետական կառույցներին, օրենքներին ու իրավապահ մարմիններին։ Հետո նորից կրկնում է այն հիմարագույն միտքը, թե՝ Շուշիի 90 տոկոսն ադրբեջանական էր, իսկ հարյուր տարի անց՝ եթե հանրաքվե արվեր, ապա երաշխիք չկա, որ Արցախում մեծամասնությունն արդեն ադրբեջանական չէր լինի։ Այ մարդ, դու այսօր արդեն հանձնել ես Արցախը, դու հո Կիկոսը չե՞ս՝ հարյուր տարի անց, կամ տասը տարի անց դու որտեղի՞ց գիտես ինչ կլիներ։ Այնպես, ինչպես 3 տարի առաջ մենք չգիտեինք, թե դու ինչ աղետ ես բերելու այս երկրի գլխին եւ խելակորույս գնացինք քո հետեւից։ 

Նախ՝ որտեղից գիտես՝ արդբեջանցիները վերադառնալու էին Արցախ եւ Շուշի, երկրորդը՝ անգամ եթե 1988-ի համամասնությունը վերականգնվեր, 20 տոկոս ադրբեջանական բնակչությունը չէր կարող եղանակ ստեղծել եւ հայկական միջավայրում ապրելն ու գոյատեւելն այդքան հեշտ բան չէր լինելու։ Եւ պարզ չէ՞, որ եւս մի 10 տարի Արցախի անկախ կարգավիճակն ավելի անհնարին էր դարձնելու նրա վերադարձը Ադրբեջանական ենթակայության տակ։

Մարդ ուղղակի անհարմար է զգում այս պարզունակ բաները բացատրելիս, այն էլ երկրի առաջին դեմքին։ Եւ այս վերջին ստատուսը կարդալիս հասկանում ես, թե ինչ անուղղելի սխալ ենք գործել մենք ազգովին՝ նման պրիմիտիվ ու սխալ մտածողությամբ մարդուն վստահելով պետության ղեկը։ 

Իսկ ամենամեծ խայտառակությունը, որն արդեն իսկապես հայկական շահին դավաճանություն է նշանակում, այս ստատուսի վերջին կետն է՝ ով է ասել, որ կարգավիճակ նշանակում է անկախություն, ինքնավար մարզն էլ է կարգավիճակ։ 

Այ ընկեր, ինքնավար մարզի կարգավիճակից ենք եկել հասել այսօրվան եւ հենց այդ կարգավիճակն է եղել ղարաբաղյան շարժման պատճառը։ Հիմա դու եկել ես, որ մեն-մենակ ուզում ես ջնջել մի ամբողջ 8 միլոնանոց ժողովրդի 30 եւ ավելի տարվա մաքառումները, հարյուր եւ ավելի տարվա երազանքները, անկախ ապրելու, սեփական պետություն ունենալու ազնիվ նպատակը։ Դու ուզում ես մեր ժողովրդի մի մեծ հատվածին նորից մղել կախյալ, ստորացված ու ստրկացված վիճակի եւ անգամ չես հասկանում, թե ինչ հանցագործություն է դա մեր ժողովրդի եւ մեր պատմության նկատմամբ։

Լավ, ո՞նց բացատրենք քեզ, Նիկոլ, որ հասկանաս՝ դու աղետ ես մեր ժողովրդի գլխին, գոնե մի խոսիր, ոչինչ մի ասա, մի փորձիր արդարանաս։ Դրանով մեր վերքերին աղ ես ցանում եւ անհնարին ես դարձնում քեզ հանդուրժելը։

Սվետա Մարտիրոսյան

Hraparak.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն