Էդ տղան մտքիցս դուրս չի գալիս: Էդ տղային ես «զուգահեռ իրականության» փլուզում եմ պարտք հանուն իր պապի
Այն, որ այս մարդու, մտավոր, քաղաքական բովանդակությունը այլևս բացառապես «Արցախի խարանից» ազատվելն է դա պարզ է: Նա դա անում է զուգահեռ իրականություն ստեղծելու և այնտեղ սուտ, կեղծիք, աղբ ձևավորելու միջոցով չնկատելով, որ դա որևէ կերպ չի ազդում նորմալ հայ մարդկանց վրա և դրանից է կորցնում իր ինքնատիրապետումը: Բայց խնդիրը դա չէ, մենք վաղուց ենք դիմակայում և հետևողականորեն կոտրում այդ զուգահեռ իրականությունը:
Խնդիրը հետևյալն է: Մետրոյում տղա երեխան մոր հետ ինչ որ տեղ է գնում: Տղա երեխայի մոտ՝ հինգ, վեց տարեկանում այլևս ձևավորված է իր մորը պաշտպանելու ինստինկտը, որովհետև այդ տարիքում մայրը որդու համար ամենի սկիզբն ու վերջն է: Նա տեսնում է, թե ինչպես է մի տղամարդ գոռալով , մատ թափ տալով, ագրեսիվ հարձակվել իր մոր վրա և շուրջ բոլորը մարդիկ լուռ նայում, նկարում են, իսկ տղամարդը շարունակում է ագրեսիվ խոսել մոր հետ: Էդ տղան ոչինչ բացի մորը պաշտպանելուց կամ վախենալուց բնականորեն չի կարող զգալ: Մայրը ասում է «դադարեցրեք ես երեխայի հետ եմ», տղամարդը շարունակում է կուրորեն գոռալ և հարձակվել պնդելով, որ պետք է շարունակի իր «զուգահեռ իրականության» թեզը: Տղամարդու շքախումբը լուռ է չի խառնվում, տղամարդը «գիշատիչի» նման մոր և երեխայի հաշվին շարունակում է հարձակումը, վիրավորանքով, շանտաժով: Այդ ամենը տեսնում է տղա երեխան՝ հարձակում մոր վրա, ինչը մայրը հանուն իրեն չի կարողանում դադարեցնել, որովհտեև տղամարդը խարանից է մաքրվում:
Հինգ վեց տարեկան տղան հետո է հասկանալու, որ այդ տղամարդը ումից նա լուռ ու վախով ուզում էր պաշտպանել մորը իր ճակատագիրը որոշողներից մեկն է, երկրի ճակատագիր որոշողը: Հազարավոր ոչ թե 5-6 այլ 25-26 տարեկան տղերքի և այլևս զոհված տղերքի ճակատագիր որոշածը, ով Արցախի խարանից անդադար մաքրվելու ու մաքրվելու փորձերի մեջ է և նրան չի էլ կանգնեցնում և զսպում տղայի, հայ երեխայի, վաղը պատանու, մյուս օրը զինվորի առկայությունը չվիրավորել մորը և զսպվել: Նա տեսնում է մի կերպարի ով ոչինչ չի խնայում իր մոր և իր հաշվին խարանից ազատվելու համար:
P.S. Իմ տղան վեց տարեկան է: Նույն տարիքի, ինչ այօր մետրոյում մոր հետ ինչ որ տեղ գնացող տղան: Ես մի պահ պատկերացնում եմ, որ այդ տղան կարող էր լինել իմ տղան, իսկ մայրը՝ իմ կինը կամ քույրը: Ու իմ տղան տեսներ, թե ինչ որ մեկը ինչպես է հարձակվում մոր վրա ապացուցելու մի բան, ինչի հետ մայրը համաձայն չէ և փորձում է սաստել, կարգի հրավիրել, պաշտպանվել ագրեսիայից, մեղադրանքից, անադեկվատ պահվածքից ասելով «դադարեցրեք ես երեխայի հետ եմ»:
Էդ տղան մտքիցս դուրս չի գալիս: Էդ տղային ես «զուգահեռ իրականության» փլուզում եմ պարտք հանուն իր պապի:








































