Forbes-ը հրապարակել է 2021թ.-ին ամենից շատ հարստացած ռուս գործարարների ցանկը
2021 թվականին բոլորից շատ հարստացած ռուս միլիարդատերերի ցանկը գլխավորել է Telegram մեսենջերի ստեղծող Պավել Դուրովը: Նրա կարողությունն աճել է 13,81 մլրդ դոլարով՝ հասնելով 17,24 մլրդ-ի:
Այս մասին գրում է ՏԱՍՍ գործակալությունը՝ մեջբերելով Forbes ամսագրի տվյալները, որոնց համաձայն՝ Դուրովի կարողությունը կտրուկ աճել է իր գլխավոր ակտիվի գնահատման աճի շնորհիվ: Մարտին Telegram-ն առաջին անգամ սեփական պարտատոմսերն է թողարկել և շուկայում 1 մլրդ դոլար գրավել: Բացի այդ, անցնող տարվա ընթացքում ծառայությունը կտրուկ մեծացրել է օգտատերերի բազան: Telegram-ում գրանցվել է 70 մլն նոր օգտատեր:
Երկրորդ տեղում Wildberries ընկերության հիմնադիր Տատյանա Բակալչուկը, որի կարողությունն աճել է 11,92 մլրդ դոլարով՝ հասնելով 13,02 մլրդ-ի: Առաջատարների եռյակը եզրափակում է «Եվրոխիմ» և Սիբիրի ածխարդյունաբերական ընկերության հիմնական բաժնետեր Անդրեյ Մալնիչենկոն, որի կարողության աճը մեկ տարում կազմել է 10,60 մլրդ դոլար:
Ռուսաստանի հաջողակ գործարարների առաջատար տասնյակում տեղ են գտել նաև «Սևերստալ» ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Ալեքսեյ Մորդաշովը և նրա ընտանիքը (+$6,83 մլրդ), «Լուկօյլի» ղեկավար Վագիտ Ալեկպերովը (+$6,44 մլրդ), Playrix տեսախաղեր ծրագրավորող ընկերության հիմնադիրներ Իգոր և Դմիտրի Բուխմանները (+$4,76 մլրդ՝ յուրաքանչյուրը), «Սիբուր» և «Նովատեկ» ընկերությունների տնօրենների խորհրդի անդամ Գենադի Տիմչենկոն (+$4,35 մլրդ), «Նովատեկի» ղեկավար Լեոնիդ Միխելսոնը (+$4,21 մլրդ), բանկիր Օլեգ Տինկովը (+$3,42 մլրդ), «Լուկօյլի» բաժնետեր և «Սպարտակ» ֆուտբոլային ակումբի սեփականատեր Լեոնիդ Ֆեդունը և նրա ընտանիքը (+$3,41 մլրդ):
Tert.am