Պուտինի Ամանորի սպառնալիքը Հայաստանին
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին ՌԴ նախագահ Պուտինի հղած Ամանորի ուղերձում ասվում է․ «Հայ-ռուսական հարաբերությունները հիմնված են բարեկամության բարի ավանդույթների, մշակութային և հոգևոր մտերմության վրա: Համոզված եմ, որ գալիք տարի մեր երկկողմ դաշնակցային փոխգործակցությունը, տարբեր ոլորտներում կառուցողական համագործակցությունը կշարունակի զարգանալ՝ ի շահ մեր եղբայրական ժողովուրդների և ի նպաստ տարածաշրջանում կայունության և անվտանգության ամրապնդման»:
2020-ից, իսկ ավելի ճիշտ՝ 2014-ից Հայաստանի դեմ Մոսկվայի քաղաքականության համատեքստում Պուտինի Ամանորի ուղերձը պարզապես սպառնալիք է։ Վերոբերյալ պարբերությունը Պուտին-Լավրովի պլանի համատեքստում, հղելով ՌԴ առաջին դեմքերի հայտարարություններին, կարելի է մեկնել հետեւյալ կերպ․
Մշակութային-հոգեւոր մտերմություն․ Ռուս ուղղափառ եկեղեցու Մոսկվայի պատրիարքարանը հայտարարել է, որ Արցախում հայկական եկեղեցիներ չկան, եւ Բաքվի հետ համատեղ ձեռնամուխ է եղել հայկական եկեղեցիների յուրացման գործընթացին։ Իր հերթին, Բաքուն հայտարարել է, որ քանի որ ռուսական եկեղեցիներ չկան, Մոսկվայի պատրիարքարանի Բաքվի թեմը կարող է օգտագործել «ուդիական եկեղեցիները»։ Բաքվի թեմն իր հերթին հայտարարել է, որ Արցախի մնացած մասը ժամանակավոր է մնացել հայկական։
ՌՈՒԵ Մոսկվայի պատրիարքարանը բացել է Երեւանյան թեմը՝ նույն նպատակով։ Մոսկվան գրոհում է հայ ինքնության երկու հենասյուները՝ հավատքն ու հայերեն լեզուն՝ կոնկրետ պահանջներ ներկայացնելով։ Երեւանում ՌԴ հատուկ ծառայությունների կառույցներից մեկը՝ այսպես կոչված Ռուսական տունը ձեռնամուխ է եղել այս գործընթացին։
Դաշնակցային փոխգործակցությունը, տարբեր ոլորտներում կառուցողական համագործակցությունը կշարունակի զարգանալ․ Մոսկվան Հայաստանի դեմ Արցախում պատերազմի օրերին եւ նոյեմբերի 9-ից հետո ցուցադրաբար հրաժարվեց Հայաստանի հանդեպ պայմանագրային պարտավորություններից։ Փոխարենը, Մոսկվան շարունակում է հիբրիդային աննախադեպ պատերազմը Հայաստանի դեմ՝ հակահայ նողկալի քարոզչությամբ, որին միացված են նաեւ ՀՀ ռուսանպաստ հայտնի շրջանակներն իրենց զլմ-ներով ու փորձագետներով։ Մոսկվան Հայաստանում ձեւավորեց «պողպատե» խորհրդարանը Փաշինյան-Քոչարյան-Սարգսյան «եռամիասնությամբ»՝ աշխատանքի համապատասխան բաժանմամբ։ Մոսկվայից խորհրդարանի ու դրանից դուրս ռուսական թեքմամբ «իսթեբլիշմենտի», ագենտուրայի մի քանի էշելոնների գործարկման թիրախը Հայաստանի պետականության, հայկական իրավունքների ու պահանջների չեզոքացումն է պարտադրվող սահմանազատմամբ՝ Արցախի, Սյունիքի եւ Նախիջեւանի օտարումով, հայ հանրությանը ռուս-թուրքական ծրագրերին համակերպելը եւ այլընտրանքի հեռանկարից զրկելը։
Ինքը՝ նախագահ Պուտինը հասցրել է հայտարարել, որ Արցախը Ադրբեջանի տարածք է, հակամարտությունը լուծված է, եւ կասկածի տակ է դրել 1915 թ․ Հայոց ցեղասպանությունը։ Նրա գլխավոր շաման եւ պաշտպանության նախարար Կյուժուգեթ-օղլուն հայտարարել է, որ Ղարաբաղում Թուրքիայի հետ բարդ օպերացիա են իրականացրել։ Դե իսկ Լավրովն ու Մաշան շաբաթը մեկ կրկնում են այս ամենը։
Մոսկվան հայ-ռուսական դաշնակցության եւ եղբայրության տակ նկատի ունի հայերի միակողմանի պարտավորությունները, ավելի ճիշտ՝ Հայաստանի հաշվին ՌԴ խնդիրների լուծումը։ Իսկ հայերը դրա համար պետք է շնորհակալ լինեն․ հիշենք նոյեմբերի 9-ից ի վեր ՀՀ իշխանությունների եւ նույն այդ ռուսանպաստ շրջանակների՝ ռեժիմով երախտագիտության աղաղակներն առ Մոսկվա ու Պուտին։
Ընդգծենք՝ վերը թվարկածն ուղիղ մեջբերումներ են ՌԴ առաջին դեմքերի հայտարարություններից եւ ռուսական պետական պրոպագանդայից։
Lragir.am