Ռուսաստանը Հայաստանի փոքրոգի ու կատարածու «իսթեբլիշմենթին» վախեցնելուց բացի այլ փաստարկներ չունի
Հունվարի 10-ին Անվտանգության ռազմավարական երկխոսության մեկնարկի նախաձեռնության շրջանակներում տեղի կունենա ԱՄՆ-ի և Ռուսաստանի ներկայացուցիչների հանդիպումը։
Մոսկվան ավելի վաղ վերջնագիր էր ներկայացրել ԱՄՆ-ին ու ՆԱՏՕ-ին, որի էությունն այն է, որ Արևմուտքը չպետք է իր ազդեցությունը տարածի նախկին խորհրդային հանրապետությունների վրա, այդ թվում ՆԱՏՕ-ի ընդլայնմամբ։ Փորձագետները նշում են, որ Պուտինը ԱՄՆ-ին առաջարկում է Յալթա 2.0՝ հակառակ դեպքում սպառնալով «համապատասխան միջոցներով», նույնիսկ միջուկային պատերազմով:
Ռուսաստանի ու ԱՄՆ-ի բանակցությունն անկասկած ազդելու է նաեւ Հայաստանի ճակատագրի վրա, որը ներկայում ենթարկվում է ՌԴ եւ Թուրքիայի աննախադեպ ագրեսիայի։
«Մենք միասնական ենք այն հետևանքների հարցում, որոնց կբախվի Ռուսաստանը, եթե հարձակվի Ուկրաինայի վրա», ասում են Վաշինգտոնի աղբյուրները: ԱՄՆ-ն ու ՆԱՏՕ-ն խոսում են Ռուսաստանի` Ուկրաինա ներխուժելու հետեւանքների մասին։ Ռուսաստանի որոշ առաջարկներ ի սկզբանե մեզ համար անընդունելի են, որոշների շուրջ մենք ցանկանում ենք երկխոսություն սկսել, ասում են Վաշինգտոնում։
Մոսկվան հավակնություններ ունի հետխորհրդային երկրների հանդեպ։ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ԽՍՀՄ փլուզման արդյունքում ստեղծված պետություններն անվանում է «անտեր»՝ անտեսելով այդ երկրների ինքնիշխանությունը։ Մոսկվան փորձեց Հայաստանում հետխորհրդային տարածքի նկատմամբ իր բացառիկ «իրավունքը» իրականացնել 2020 թվականի ռազմական արշավով և դրան հաջորդած զորքերի տեղակայմամբ։ Մոսկվան փորձում է չեզոքացնել Արեւմուտքի, միջազգային լեգիտիմ կառույցների ներկայությունը շրջանում, այդ թվում՝ Արցախի խնդրի քաղաքական կարգավորումը։
Մոսկվայի փորձերը կարող են ձախողվել, եթե ԱՄՆ-ն ու Ֆրանսիան պնդեն Մինսկի խմբի համանախագահության աշխատանքը, իր հերթին՝ Երևանը կայացնի ինքնիշխան որոշումներ։ Հայաստանի իշխանությունները սակայն խոնարհաբար համաձայն են, որ ինքնիշխան Հայաստան չկա, և որոշումները կայացվում են Մոսկվայում։ Ցինիկ հայտարարությունները, թե «սահմանազատման» հարցում բացի Ռուսաստանից ոչ ոք պետք չէ, վկայում են, որ Ռուսաստանը Հայաստանի փոքրոգի ու կատարածու «իսթեբլիշմենթին» վախեցնելուց բացի այլ փաստարկներ չունի։
Lragir.am