Տարածաշրջանի աշխարհաքաղաքական նոր իրականությունում Մոսկվայի դիրքերը թուլանում են
Մինչ Հայաստանի արտաքին քաղաքական ինտրիգը պտտվում է հայ-թուրքական, այսպես կոչված, սպասվելիք երկխոսության ու Նիկոլ Փաշինյանի վերջին ասուլիսում հնչած աղմկահարույց հայտարարությունների շուրջ, ուշագրավ և շատ ավելի լուրջ զարգացումներ են տեղի ունենում տարածաշրջանային խորհրդատվական 3+2 ձևաչափի կամ միգուցե 3+3 ձևաչափի շուրջ:
Վերլուծաբանների կարծիքով՝ սա տարածաշրջանի աշխարհաքաղաքական քարտեզի ուրվագծման ամենաթեժ փուլերից մեկն է, որում Մոսկվան, որպես հարավկովկասյան առաջատար խաղացող, սկսում է զիջել իր դիրքերը: Սա վերջին տարիների ընթացքում այն բացառիկ ժամանակաշրջանն է, երբ աշխարհի շատ ավելի մեծ քաղաքական խաղացողների ուշադրությունը տարածաշրջանային զարգացումների վրա է:
Էրդողանի հնգակողմ պլատֆորմի հաջորդ հանդիպման վայր է հայտարարվել Անկարան, սակայն Անկարան՝ ուղղակիորեն, Մոսկվան՝ անուղղակիորեն, շարունակում են ջանքերը Թբիլիսիին պլատֆորմ ներքաշելու ուղղությամբ:
Թուրքական մի շարք աղբյուրների համաձայն, Վրաստանի վարչապետը պատերազմից հետո տարածաշրջանում ստեղծված իրավիճակում բավականին ուշագրավ դերակատարություն է ստանձնել՝ ինչպես Հայաստանի ու Ադրբեջանի, այնպես էլ՝ Հայաստանի ու Թուրքիայի միջև:
Սրանով էլ պայմանավորված է Փաշինյան-Ղարիբաշվիլի հարաբերությունների ներկայիս բնույթը և փոխադարձ այցերի ինտենսիվությունը:
Իր հերթին՝ ռուսական դիվանագիտական որոշ շրջանակներ թույլ ակնկալիքներ ունեն, որ Փաշինյանն էլ մոտավորապես նույնպիսի դերակատարություն կարող է ստանձնել Մոսկվա-Թբիլիսի հարաբերություններում կամ Թբիլիսի-3+3 հարաբերություններում: Սա բխում է նաև Էրդողանի շահերից, քանի որ թուրքական կողմը ներկայումս աշխատում է Թբիլիսիի դիվանագիտական ներկայացուցչին առաջիկա հանդիպմանը Անկարա հրավիրելու ուղղությամբ:
Նույնիսկ տեղեկություններ կան, որ Թբիլիսին չի կարողանա մերժել հանդիպումը թուրքական մայրաքաղաքում: Բայց սրանով Թբիլիսի դերակատարությունը չի սահմանափակվում, քանի որ Թբիլիսի հետ մեծ հույսեր են կապում նաև ԵՄ-ն ու ԱՄՆ-ը՝ փորձելով Թբիլիսիի տարածաշրջանում ունեցած բացառիկ ենթակառուցվածքային դերակատարությունը հագեցնել նաև քաղաքական բովանդակությամբ:
Վրացի վերլուծաբան Սոսո Ցինցաձեն մեզ հետ զրույցում ասաց, որ ընդհանուր առմամբ, իհարկե, ամենակարևոր զարգացումները տեղի են ունենում տարածաշրջանում, որոնք առանձին երկրների համար նոր իրավիճակներ են ստեղծում, խոսքը նաև Հայաստանի մասին է:
Ըստ նրա, եթե Հայաստանը չերկխոսի Թուրքիայի հետ, ապա չի կարող միանալ տարածաշրջանի մեծ պրոյեկտներին, որոնք ունեն գլոբալ աշխարհաքաղաքական հովանավորներ և գլոբալ նպատակներ:
Վերլուծաբանի խոսքով, դրանից կտուժի մեծ քաղաքականությունը, որում Հարավային Կովկասը բացառիկ դերակատարություն է ստանում:
«Վրաստանը մերժել է մասնակցել վեցակողմ պլատֆորմի աշխատանքներին, ու հակված եմ կարծել, որ այդ դիրքորոշումը պահպանվելու է բոլոր այն հանդիպումների վերաբերյալ, որոնց մասնակցում է Ռուսաստանը, բայց իրավիճակի բարդությունը կայանում է նրանում, որ մասնակից մյուս բոլոր երկրների հետ Վրաստանն ունի լավ հարաբերություններ։ Ավելին, Վրաստանը հայտարարել է, որ Հայաստանի ու Ադրբեջանի հետ տարածաշրջանային ապաշրջափակման գործընթացներում մասնակցելու է, Խաղաղության նախաձեռնություն էր ներկայացրել Ղարիբաշվիլին ՄԱԿ-ի ամբիոնից, այսինքն՝ 3-ի ձևաչափով համագործակցության հնարավորություն կա, գուցե այս ձևաչափի ուղղությամբ ջանքեր լինեն: Այդ մասին փորձագիտական շրջանակներում ծավալուն քննարկումներ եղել են, և դեռ պարզ չէ, թե Վրաստանն ինչ կերպ պետք է մասնակից դառնա այդ 5-ի քննարկումներին, քանի որ այդ պլատֆորմի շրջանակներում քննարկվելու են տարածաշրջանային կոմունիկացիաները:
Այս ամենից Վրաստանը չի պատրաստվում դուրս մնալ, ավելին՝ Վրաստանը բավականին համարձակ է զգում, քանի որ այսօր էլ տարանցիկ հաբ է տարածաշրջանում, տարածաշրջանում միակ երկիրն է, որն ունի լավ, սերտ հարաբերություններ ԱՄՆ-ի, ԵՄ-ի, ՆԱՏՕ-ի հետ, և առանց Վրաստանի՝ Վրաստանին շրջանցելով, հնարավոր չէ լուրջ ծրագրեր քննարկել։ Վրաստանը հետաքրքրված է այս գործընթացներին մասնակցելու հարցում, սակայն առանց Մոսկվայի հետ շփումների: Վրաստանը հասկանում է, որ առանցքային երկիր է, թեև Մոսկվան կցանկանար գործի դնել պրոյեկտներ՝ շրջանցելով Վրաստանն ու պատժելու համար Վրաստանին, սակայն դա այդքան էլ հեշտ գործ չէ»,- ասաց Ցինցաձեն:
Նրա կարծիքով, ներկայումս զարգացումները կենտրոնացել են Հայաստանի շուրջ, որովհետև Հայաստանն է, որ ունի փակ սահմաններ իր հարևանների հետ, որի պարագայում ապաշրջափակում հնարավոր չէ, և այս իրավիճակը՝ տարածաշրջանային տարաձայնություններով, միջադեպերով, շարունակվելու է, քանի դեռ այս խնդիրները չեն լուծվել, որպեսզի դրանից հետո սկսվի նոր պատկերի ձևավորումը:
«Արևմուտքը բավականին հետևողական ու լավ է աշխատում այս փուլում: Այդ աշխատանքը կա Թուրքիայի, Վրաստանի, Հայաստանի, Ադրբեջանի, Իրանի հետ, բոլորի հետ առանձին ուղղություններով, որն արդյունք տալիս է: Բայց պլատֆորմի առումով Վրաստանում ակնկալում են, որ կպահպանվի Մոսկվայի հետ միևնույն սեղանին չնստելու դիրքորոշումը»,- ասաց Ցինցաձեն:
168.am