Ամանորին հանգստի նպատակով Հայաստանից մեկնողների թիվը կրճատվել է
Այս տարի Ամանորին հանգստի նպատակով Հայաստանից մեկնողների թիվը նախորդ տարիների համեմատ կրճատվել է։ Զբոսաշրջային ընկերություններից դա բացատրում են նաև նրանով, որ Ամանորի հանգստի օրերը կրճատվել են, և հունվարի 3-ն արդեն աշխատանքային օր է։ Մյուս գործոնն այն է, որ, օրինակ, հիմնական ուղղություն համարվող Եգիպտոսի տուրփաթեթներն ավելի թանկ են այս տարի։
«Շելբի» ընկերության տնօրեն Մարինե Ավետիսյանն ասում է՝ իրենց վաճառքի թվերը ցույց են տալիս, որ գրեթե կիսով չափ կրճատվել են Ամանորին արտերկիր մեկնելու ցանկություն ունեցողները։ «Կարող ենք ասել, որ ամանորյա փաթեթների վաճառքն այս տարի շատ վատ է եղել, մարդիկ չեն ուզում կրկնակի ու եռակի գումար վճարել ու Ամանորին մեկնել Եգիպտոս։ Նախորդ տարիների համեմատ Եգիպտոսում տուրփաթեթները թանկարցել են, և դա պայմանավորված է ռուսական շուկայի մուտքով Եգիպտոս։ Եթե նախկինում դեպի Եգիպտոս մեկ անձի համար փաթեթն արժեր 750 դոլար, այս տարի մինիմալ գինը 1000 դոլար է եղել։ Եթե նախորդ տարիներին Ամանորին մենք մոտ 1000 ուղևոր էինք ունենում, այս տարի ունենք 550 ուղևոր։ Բայց հունվարի 5-ից հետո շատ ամրագրումներ ունենք»,- ասաց նա։
Ըստ Մարինե Ավետիսյանի՝ ընդհանուր առմամբ տուրիզմի ոլորտում աշխուժություն կա, ամռան ամիսներին մեծ պահանջարկ կար արտերկրում հանգիստն անցկացնելու մասով, և ծովային հանգստի համար ամենապահանջված ուղղությունը շարունակում է մնալ Եգիպտոսը, հաջորդում են Էմիրաթները։ Այս տարվա հունվար-սեպտեմբերին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, պաշտոնական թվերով ներգնա զբոսաշրջության ցուցանիշներն աճել են 88.2 տոկոսով։ Ներքին զբոսաշրջության ոլորտում նույն ժամանակահատվածում 53.5 տոկոսանոց աճ է գրանցվել։ Ոլորտի մասնագետները սա լավ ցուցանիշ են համարում հետկովիդային շրջանում։
Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանի խոսքով՝ շատերը նախընտրում են Հայաստանի զբոսաշրջային վայրերում անցկացնել տոնական օրերը և չմեկնել երկրից։ «Նախորդ տարվա համեմատ ոլորտում աճ կա, այս տարվա ինն ամիսների ցուցանիշն արդեն նախորդ ամբողջ տարվա ցուցանիշը գերազանցել է։ Բայց 2019 թվականի համեմատ դեռ բավական հետ ենք, 2020-ի համեմատ ներգնա զբոսաշրջության ոլորտում 88 տոկոսանոց աճ կա, բայց 2019-ի նույն ժամանակահատվածի համեմատ 60 տոկոսով նվազել են ներգնա տուրիզմի ցուցանիշները։ Միայն ներքին տուրիզմի ոլորտում է, որ այս տարի և 2019-ի,և 2020-ի համեմատ աճ ունենք»,- ասաց Մեխակ Ապրեսյանը։
Ինչ վերաբերում է Ամանորի շրջանում Հայաստանի հյուրանոցներում գների աճին, նա ասաց․ «Տարբեր գնային առաջարկներ կան, այնքան էլ ճիշտ չէ ասել, որ թանկ է։ Շուկայում գները ձևավորվել են պահանջարկի հիման վրա, գնային ամենալայն առաջարկները կան»։
Lragir.am