Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին ֆեյսբուքյան գրառում է կատարել՝ հայտարարելով, որ ապաքինվում է վերականգնողական բուժումից հետո և նրան ուրախացնում է «հաղթանակի հավատը»:

«Ինչ էլ, որ նրանք անեն, ես նրանցից ընդհանրապես չեմ վախենում: Այժմ գլխավորը միասնությունն է և նախապատրաստումը վճռական հարձակման: Շուտով կգա այդ հարձակման պահը»,- Gazeta.ru-ի փոխանցմամբ՝ գրել է քաղաքական գործիչը, սակայն չի մասնավորեցրել, թե ինչ նկատի ունի:

Նախօրեին Սաակաշվիլին հիվանդանոցից տեղափոխվել է բանտ: Իր խոսքով՝ ինքը դեռ «ֆիզիկապես թույլ է, սակայն քաջ է»: Նրա կողմնակիցները հայտարարել են, որ իշխանություններն ուժով են Սաակաշվիլիին բանտ տեղափոխել: 

Ավելի վաղ Սաակաշվիլիի մոտ ընկճախտ և հետտրավմատիկ խանգարում էր ախտորոշվել: 

Հիշեցնենք, որ Միխեիլ Սաակաշվիլիին ձերբակալել են հոկտեմբերի 1-ին, երբ վերջինս վերադարձել է Վրաստան՝ երկրում հոկտեմբերի 2-ին կայացած ՏԻՄ ընտրություններում ընդդիմադիր ուժերին աջակցելու համար: Ձերբակալման օրվանից Սաակաշվիլին հացադուլ էր հայտարարել, որն ավարտել է 50 օր անց: Նախկին նախագահին երկրում հեռակա կարգով դատապարտել էին պատգամավորին ծեծի ենթարկելու և բանկիրի սպանության կազմակերպման համար: Բացի այդ, նրան մեղադրանք է ներկայացվել ևս մի քանի գործով, այդ թվում՝ պետական միջոցները մսխելու, լիազորությունների չարաշահման և երկրի սահմանն ապօրինաբար հատելու համար:

Tert.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն