Ուկրաինայից մինչև Աֆրիկա. Foreign Policy-ն առանձնացրել է 2022 թվականին հնարավոր ռազմական բախումների 10 օջախ
Չնայած համաշխարհային հակամարտությունների թվի նվազմանը, տարածաշրջանային և տեղական հակամարտությունները շարունակում են փոթորկել և կյանքեր խլել ավերածությունների և սովի պատճառով: Այս մասին գրում է Foreign Policy-ն՝ կանխատեսումներ ներկայացնելով 2022-ին 10 ռազմական բախման մասին:
ԱՄՆ հավակնությունների թուլացումը միջազգային ասպարեզում հանգեցրել է մի շարք խոշոր ռազմական հակամարտությունների թուլացման: Ռազմական գործողությունների հետևանքով ողջ աշխարհում զոհված մարդկանց թիվըհիմնականում կրճատվել է 2014 թվականից ի վեր, եթե հաշվենք միայն նրանց, ովքեր մահացել են անմիջապես մարտի ժամանակ, գրում է աղբյուրը:
«Սակայն տեղական հակամարտություններն ավելի շատ են եռում, քան երբևէ, թեև դրանք որպես կանոն ավելի քիչ ինտենսիվ են: Մեծամասամբ, 21-րդ դարում պատերազմներն ավելի քիչ մահաբեր են, քան 20-րդ դարում տեղի ունեցածները: Արտասահմանյան մասնակցությունը հակամարտություններին վտանգ է առաջացնում, որ տեղական բախումները կարող են վերաճել և ներգրավել խոշոր տերությունների»,- գրում է Միջազգային ճգնաժամային խմբի փոխնախագահ Ռիչարդ Էթվուդը:
Պարբերականը նշում է, որ պետք չէ թերագնահատել ԱՄՆ հնարավորությունները: Միևնույն ժամանակ ըստ հեղինակի՝ Չինաստանի և ԱՄՆ-ի միջև ռազմական բախումը Թայվանի պատճառով քիչ հավանական է 2022 թվականին, սակայն չինացի ու ամերիկացի զինվորականները առավել հաճախ են բախվում կղզու և Հարավչինական ծովի շուրջ:
Եթե Իրանի հետ միջուկային գործարքը տապալվի, ինչը վերլուծաբանը հավանական է կարծում, ԱՄՆ-ն կամ Իսրայելը կարող են փորձել ոչնչացնել իրանական միջուկային կառույցները:
Ըստ հեղինակի՝ 2022 թվականին պոտենցիալ վտանգավոր հակամարտությունների առաջին եռյակում են Ուկրաինան, Եթովիան և Աֆղանստանը:
Էթվուդը նշել է նաև, որ այս տարի հնարավոր է հակամարտությունների զարգացումը ԱՄՆ-ի և Կանադայի միջև, Իրանի և ԱՄՆ-ի միջև, Եմենում ստեղծված իրավիճակի շուրջ, Պաղեստինի և Իսրայելի միջև հարաբերություններում, Հայիթիի և Մյանմարի, ինչպես նաև Աֆրիկայում իսլամիստների գործունեության պատճառով:
Tert.am