Բրիտանիայում միգրացիոն ճգնաժամի շուրջ համաձայնության են սպասում Ֆրանսիայի ընտրություններից հետո
Մեծ Բրիտանիայի պաշտոնատար անձինք աշխատում են այս տարի Լա Մանշում միգրացիոն ճգնաժամի կարգավորման համար համաձայնագրի պլանների վրա: Թագավորության կառավարությունն արդեն «գրեթե հրաժարվել Է» Ֆրանսիայի հետ այդ համաձայնությանը հասնելու հույսից մինչեւ նախագահական ընտրությունները, որոնք հանրապետությունում տեղի կունենան ապրիլին, հունվարի 3-ին հաղորդել Է Times թերթը՝ վկայակոչելով Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարության (ԱԳՆ) բարձրաստիճան աշխատակիցների, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Ինչպես թերթին հայտնել են ԱԳՆ-ի աշխատակիցները, իրենք մշակում են առաջարկություններ, որոնք կարող են ներկայացվել, «հենց որ ընտրությունների բուռն շրջանն ավարտվի»՝ հուսալով, որ Ֆրանսիայում ընտրությունների հաղթողը կգա հիմնախնդրի լուծման իր սեփական «իրատեսական պլաններով»: ԱԳՆ-ի ներկայացուցիչը, որը մեկնել Է Փարիզ բանակցությունների, հայտարարել Է, որ Ֆրանսիայի պաշտոնատար անձինք մերժմամբ են պատասխանել բրիտանական կողմի բոլոր առաջարկություններին, գրում Է թերթը:
Լոնդոնը եւ Փարիզն արդեն մի քանի տարի համատեղ պայքարում են անօրինական միգրանտների հիմնախնդրի դեմ, սակայն Լա Մանշ եւ Պա դը Կալե նեղուցները կտրել-անցնել փորձող միգրանտների թիվը մշտապես աճում Է: 2021 թվականին, օգտվելով այդ երթուղուց, անօրինականորեն Միացյալ Թագավորություն Է գնացել 25 հազարից ավելի մարդ: Ֆրանսիայի իշխանություններն այս տարի մի քանի հազար միգրանտ են ձերբակալել մինչեւ նրանք կհասցնեին հեռանալ հանրապետության ջրերից: Ավելի վաղ Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Ժերալդ Դարմանանենը հայտնել Է, որ ֆրանսիայի փրկարարները եւ սահմանապահ ծառայությունները 2021 թվականի հունվարից մինչեւ նոյեմբերի վերջն ընկած ժամանակամիջոցում փրկել են 7,8 հազար անօրինական միգանտների, որոնք փորձել են Լա Մանշով անցնել Մեծ Բրիտանիա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Tert.am