ՄԱԿ ԱԽ մշտական 5 անդամները՝ ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Չինաստանը եւ Ռուսաստանը համատեղ հայտարարություն են տարածել, որով վերահաստատել են միջուկային զենք ունեցող պետությունների միջեւ պատերազմ թույլ չտալու եւ ռազմավարական ռիսկերի նվազեցման իրենց պարտավորությունը։

Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է, որ «միջուկային պատերազմում հաղթողներ չեն կարող լինել, եւ այն երբեք չպետք է սանձազերծվի։ Քանի որ միջուկային զենքի օգտագործումը հեռուն գնացող հետեւանքներ կունենար, մենք նաեւ հաստատում ենք, որ միջուկային զենքերը, քանի դեռ դրանք գոյություն ունեն, պետք է ծառայեն պաշտպանական նպատակներին, ագրեսիայի զսպմանը եւ պատերազմի կանխմանը: Մենք կարծում ենք, որ նման զենքերի հետագա տարածումը պետք է կանխվի։

Մենք հաստատում ենք միջուկային սպառնալիքներին հակազդելու կարեւորությունը եւ շեշտում ենք միջուկային զենքի չտարածման, զինաթափման եւ սպառազինությունների վերահսկման ոլորտում մեր երկկողմ եւ բազմակողմ համաձայնագրերի ու պարտավորությունների պահպանության եւ պաշտպանության կարեւորությունը։ Մենք հավատարիմ ենք մնում Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրով (NPT) մեր պարտավորություններին, ներառյալ՝ VI-րդ հոդվածի համաձայն մոտ ապագայում միջուկային սպառազինությունների մրցավազքին եւ միջուկային զինաթափմանը վերջ տալու համար, ինչպես նաեւ ընդհանուր եւ ամբողջական զինաթափումը խիստ եւ արդյունավետ միջազգային վերահսկողության ներքո պայմանագրի շուրջ բարի կամքի ոգով բանակցություններ վարելու մեր պարտավորությանը»։

Միջուկային պատերազմի թեման ակտուալացավ Ռուսաստանի 2014-ից մեկնարկած «նոր քաղաքականության», նախկին ԽՍՀՄ տարածքի հանդեպ Մոսկվայի հավակնությունների եւ հատկապես Ուկրաինայի շուրջ վերջին զարգացումների ֆոնին։ Պատժամիջոցների արդյունքում «սովորական» սպառազինության ոլորտում բավական նահանջ արձանագրելով, ՌԴ-ն որոշ չափով պահպանել է միջուկային զինանոցը, որը դարձել է Պուտինի կլեպտոկրատ ռեժիմի միակ փաստարկը։ ՌԴ-ն անվտանգության նոր հայեցակարգում ամրագրել է միջուկային զենքը կանխարգելիչ նպատակներով օգտագործելու իրավունքը։ Այս կապակցությամբ Պուտինը հայտարարել էր, թե «նրանք բոլորը կսատկեն, իսկ մենք կհայտնվենք դրախտում»։ Նա ասել է նաեւ, որ Ռուսաստանն այլեւս նահանջի տեղ չունի, եւ անհրաժեշտության դեպքում կկիրառի միջուկային զենքը։

ՄԱԿ ԱԽ մշտական 5 անդամների հայտարարությունը թեեւ ոչ 100 տոկոսով, սակայն փակում է Պուտինի դրախտ ընկնելու հնարավորությունը։ Միեւնույն ժամանակ, այն պետք է դիտել որպես «ընդառաջ քայլ» Պուտինին՝ Ուկրաինայի հարցում նրա դեմքը փրկելու համար, այն բանից հետո, երբ Մոսկվան վերջնագիր է ներկայացրել ԱՄՆ-ին ու ՆԱՏՕ-ին, այդ թվում՝ միջուկային զենքը հետխորհրդային տարածքում չտեղակայելու հարցում։ ԱՄՆ-ն ու ՆԱՏՕ-ն մտադիր չեն կատարել ՌԴ պահանջները։ Նկատի առնելով Պուտինի՝ աշխարհքաղաքական ռեւանշի մտասեւեռումները, ինչպես նաեւ նրա անձնական բազմաթիվ բարդույթներն ու խնդիրները, Արեւմուտքը որոշել է չգնալ առճակատման ճանապարհով։

Միջուկային «էմբարգոն» կարող է ազատել Պուտինի ձեռքերը հիբրիդային եւ «հաղթական արագ պատերազմի» հարցում, սակայն, դատելով Արեւմուտքի ու հատկապես Չինաստանի պահվածքից, նրանք առանձնապես հակված չեն դա կանխելու հարցում։ Ուկրաինայի դեմ պատերազմը, անկախ ելքից, լուրջ հետեւանքներ կունենա ՌԴ-ի եւ Պուտինի ռեժիմի համար։ Չինաստանն ավելի պրագմատիկ է նայում խնդրին՝ գետն այդ դեպքում բերելու է կամ Արեւմուտքի, կամ Պուտինի դին, եւ մի դեպքում Թայվանի, մյուս դեպքում Հեռավոր Արեւելքի ու Սիբիրի «վերաինտեգրմումն» արդեն տեխնիկայի հարց է դառնալու։

Lragir.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն