Թուրքիայի խորհրդարանի 28 ընդդիմադիր պատգամավորներին անձեռնմխելիությունից զրկելու նոր միջնորդություններ են ուղարկվել մեջլիս
Թուրքիայի խորհրդարանի ընդդիմադիր «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (HDP) 28 պատգամավորների անձեռնմխելիությունից զրկելու վերաբերյալ 40 նոր միջնորդությունները հասել են Թուրքիայի մեջլիս:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական demokrathaber.org-ը:
Միջնորդությունների մեջ է նաև ընդդիմադիր «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (HDP) համանախագահ Փերվին Բուլադանի վերաբերյալ միջնորդությունը:
Միջնորդությունները արդեն փոխանցված են խորհրդարանի Սահմանադրության և արդարադատության հանձնաժողովի անդամներից կազմված միացյալ հանձնաժողովին։
Կուսակցության պատգամավորներին անձեռնմխելիությունից զրկելուն զուգահեռ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության վերաբերյալ Սահմանադրական դատարանում քննվող գործը վարող դատախազը 2021թ. նոյեմբերին ՍԴ-ին միջնորդել էր կուսակցության 451 անդամի նկատմամբ քաղաքականությամբ զբաղվելու արգելք սահմանել, 69 կուսակցականի գործողություններն ու ելույթները ներկայացվել են որպես հիմք կուսակցության փակման համար:
ՍԴ-ի կուսակցությունը փակելու որոշման պարագայում, նշյալ անձինք հինգ տարի ժամկետով կզրկվեն քաղաքական գործունեություն ծավալելու և այլ կուսակցությունների անդամակցելու հնարավորությունից:
Tert.am