Իրանի նախագահի եւ ՀՀ կառավարության հաղորդագրությունների ուշագրավ տարբերությունը
Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիի հեռախոսազրույցը։ Ըստ Իրանի նախագահի պաշտոնական կայքի, Էբրահիմ Ռաիսին հայտարարել է, որ «Թեհրանն աջակցում է Հայաստանի ինքնիշխանությանը բոլոր տարածքների ու այդ երկրով անցնող ճանապարհների նկատմամբ»։
Ընդգծելով, որ Թեհրանը ողջունում է առաջընթացը Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև բանակցային գործընթացում, Իրանի նախագահն ասել է. «Մենք հուսով ենք, որ երկու երկրների միջև խնդիրները կլուծվեն խաղաղ ճանապարհով՝ միջազգային սկզբունքների և իրավունքի շրջանակներում։ Մենք աջակցում ենք բոլոր անցակետերը հանելուն»։
Հայաստանի կառավարության տարածած հաղորդագրության համաձայն՝ Նիկոլ Փաշինյանն ու Էբրահիմ Ռաիսին խոսել են տարածաշրջանում ընթացող գործընթացների, ինչպես նաև տնտեսական համագործակցության մասին։ Նշվել է նաև, որ Իրանը վարչապետին ու հայ ժողովրդին շնորհավորել է Նոր տարվա և Սուրբ Ծնունդի առթիվ, իսկ Փաշինյանը շնորհավորել է Իրանի քրիստոնյաներին նույն առիթով՝ շնորհակալություն հայտնելով Իրանին հայության պահպանման համար պայմաններ ստեղծելու համար։
ՀՀ կառավարությունը հաղորդագրության մեջ հարկ չի համարել նշել, որ Իրանի նախագահը պաշտպանում է Հայաստանի ինքնիշխանությունը «բոլոր տարածքների ու ճանապարհների նկատմամբ»։ Կառավարությունը չի հստակեցրել նաև, թե «հայկական և ադրբեջանական կողմերի» միջև ինչ «անցակետեր հանելու» մասին է խոսում իրանական կողմը։
Փաշինյանի կառավարությունն ամեն ինչ անում է, որ ոչ ոք՝ ԱՄՆ-ն, ՄԱԿ-ը, ԵԱՀԿ-ն, Ֆրանսիան, Իրանը չխոչընդոտեն Մոսկվայի «բարձր հովանավորությամբ» Հայաստանը թուրքերին հանձնելուն։ Դատելով իրանական կողմի հաղորդագրությունից՝ պայմանավորվածություն կա Գորիս-Կապան ճանապարհի կամ կառուցվող Հորադիզ-Նախիջևան երկաթուղու Մեղրիի հատվածում անցակետերը հանելու մասին։ Թեհրանն ասում է, որ ճանաչում է Հայաստանի ինքնիշխանությունը այս ճանապարհների նկատմամբ՝ ակնարկելով, որ Երևանը չհանձնի հայ-իրանական ինքնիշխան սահմանը։
Հեռախոսազրույցի վերաբերյալ ՀՀ կառավարության հաղորդագրության մեջ այս թեմաների հիշատակման բացակայությունը շատ բաների մասին է վկայում։ Ի դեպ, թուրքերն արդեն ժամանում են Երևան և գործունեություն սկսում։
Lragir.am