Ռուսաստանն ուշադրությամբ հետևում է Ղազախստանում տեղի ունեցող իրադարձություններին և հանդես է գալիս հարևան երկրում առկա խնդիրների խաղաղ ճանապարհով լուծման օգտին, ասվում է ՌԴ ԱԳՆ-ի չորեքշաբթի տարածած հայտարարության մեջ։

«Մենք կողմ ենք բոլոր խնդիրների խաղաղ լուծմանը սահմանադրական և իրավական դաշտի և երկխոսության շրջանակներում, այլ ոչ թե փողոցային անկարգությունների և օրենքների խախտման միջոցով։ Հենց դրան են ուղղված Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևի՝  իրավիճակի կայունացման, առկա խնդիրների, այդ թվում՝ ցուցարարների օրինական պահանջների մեջ պարունակվող խնդիրների օպերատիվ լուծման քայլերը»,-ասվել է հայտարարությունում։

Հիշեցնենք, որ Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևը Ալմաթիի մարզում արտակարգ դրություն է մտցրել՝ կապված անցած գիշեր տեղի ունեցած անկարգությունների հետ։ Համապատասխան հրամանագիրը հրապարակվել է պետության ղեկավարի կայքում։

Ղազախստանում բողոքի ակցիաները սկսվել են նոր տարվա առաջին օրերին։ Ժանաոզեն և Ակտաու քաղաքների բնակիչները դուրս են եկել ցույցերի՝ բողոքելով հեղուկ գազի գնի կրկնակի թանկացման դեմ։

Տոկաևը հանձնարարել է ստեղծել հանձնաժողով՝ ուսումնասիրելու իրավիճակը, որը հունվարի 4-ին հայտարարել է, որ պատրաստ է կատարել ցուցարարների հիմնական պահանջը և նվազեցնել գազի գինը։ Սակայն բողոքի ակցիաները տարածվել են այլ քաղաքներում։ Ալմաթիում հունվարի 4-ին ցուցարարները բախումներ են կազմակերպել անվտանգության աշխատակիցների հետ, որոնք էլ ի պատասխան արցունքաբեր գազ և խլացուցիչ նռնակներ են կիրառել։

Իսկ մինչ այդ Ալմաթիի կենտրոնում կրկին ցուցարարներ են հավաքվում։ Սոցցանցերում հրապարակված տեսանյութերում երևում են մի խումբ երիտասարդներ, որոնցից մեկի ձեռքին հատուկ ջոկատի վահան է, որը, ամենայն հավանականությամբ, ցուցարարները գրավել են երեկվա բախումների ժամանակ։ Երթի մասնակիցներից ոմանք օգտագործում են հատուկ մեքենաներ, որոնք կարող են պատկանել նաև ուժայիններին։ 

Tert.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն