Ալմաթիում ցուցարարները սկսել են գրոհել զենքի խանութները։ Այս մասին հունվարի 5-ին խանութների սեփականատերերն ու աշխատակիցները հայտնել են սոցիալական ցանցերում։

Ինչպես գրում է iz.ru-ն, հունվարի 5-ին քաղաքի զենքի խանութներից մեկը փակվել է: Նշվել է, որ անվտանգության աշխատակիցներն անմիջապես հեռացել են շենքից՝ նկատելով ցուցարարների բազմությունը։

«Այս պահին հարձակում է տեղի ունենում»,- Instagram-ում հայտնել են խանութի աշխատակիցները։

Այսօր ցուցարարները գրավել են Ղազախստանի նախագահի՝ Ալմաթիում գտնվող նստավայրը։ Այս մասին չորեքշաբթի հայտնել է zakon.kz լրատվական պորտալը՝ ականատեսներին հղումով։ Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին, որ մի քանի հազար ցուցարարներ փորձում են ներխուժել նստավայրի տարածք։

Հիշեցնենք, որ Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևը Ալմաթիի մարզում արտակարգ դրություն է մտցրել՝ կապված անցած գիշեր տեղի ունեցած անկարգությունների հետ։ Համապատասխան հրամանագիրը հրապարակվել է պետության ղեկավարի կայքում։

Ղազախստանում բողոքի ակցիաները սկսվել են նոր տարվա առաջին օրերին։ Ժանաոզեն և Ակտաու քաղաքների բնակիչները դուրս են եկել ցույցերի՝ բողոքելով հեղուկ գազի գնի կրկնակի թանկացման դեմ։

Տոկաևը հանձնարարել է ստեղծել հանձնաժողով՝ ուսումնասիրելու իրավիճակը, որը հունվարի 4-ին հայտարարել է, որ պատրաստ է կատարել ցուցարարների հիմնական պահանջը և նվազեցնել գազի գինը։ Սակայն բողոքի ակցիաները տարածվել են այլ քաղաքներում։ Ալմաթիում հունվարի 4-ին ցուցարարները բախումներ են կազմակերպել անվտանգության աշխատակիցների հետ, որոնք էլ ի պատասխան արցունքաբեր գազ և խլացուցիչ նռնակներ են կիրառել։

Իսկ մինչ այդ Ալմաթիի կենտրոնում կրկին ցուցարարներ են հավաքվում։ Սոցցանցերում հրապարակված տեսանյութերում երևում են մի խումբ երիտասարդներ, որոնցից մեկի ձեռքին հատուկ ջոկատի վահան է, որը, ամենայն հավանականությամբ, ցուցարարները գրավել են երեկվա բախումների ժամանակ։ Երթի մասնակիցներից ոմանք օգտագործում են հատուկ մեքենաներ, որոնք կարող են պատկանել նաև ուժայիններին։

Tert.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն