Ադրբեջանը սկսել է թուրքմենական գազ ստանալ` կապույտ վառելիքի մատակարարումների փոխանակման վերաբերյալ Իրանի և Թուրքմենստանի հետ կնքված եռակողմ համաձայնագրի շրջանակում։ Այդ մասին չորեքշաբթի ՏԱՍՍ-ին հայտնել է Ադրբեջանի պետական նավթային ընկերության (SOCAR) միջոցառումների կազմակերպման և հասարակայնության հետ կապերի վարչության պետի տեղակալ Իբրահիմ Ահմեդովը։ 

«Այս համաձայնագրի հիման վրա արդեն սկսվել են գազի մատակարարումները իրանա-ադրբեջանական սահմանով»,- ասել է SOCAR-ի պաշտոնյան։ Նրա խոսքով՝ գազն Ադրբեջան կտեղափոխվի երկու ուղղությամբ` Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն, որտեղ գազն արդեն սկսել է հոսել, և Աստարա:

Նա մանրամասնել է, որ երկու ուղղություններով գազի ընդհանուր ծավալները կկազմեն օրական 4 մլն խմ-ից մի փոքր ավելի։ Ահմեդովը նաև նշել է, որ ավելի վաղ Բաքվի և Թեհրանի միջև գազի փոխանակման գործողություններ են իրականացվել Նախիջևան գազի մատակարարման համար։

«Փոխանակման սկզբունքով Ադրբեջանից գազը Աստարայով գնում է Իրան, իսկ Իրանը նույն ծավալներով վառելիք է փոխանցում Նախիջևան»,- ասել է SOCAR-ի պաշտոնյան։ 

Նոյեմբերի 28-ին Ադրբեջանը, Իրանը և Թուրքմենստանը եռակողմ համաձայնագիր են ստորագրել գազի փոխանակման մասին։ Պայմանագրի պայմանների համաձայն՝ տարեկան Թուրքմենստանից Իրանի տարածքով Ադրբեջան կմատակարարվի 1,5-ից մինչև 2 միլիարդ խորանարդ մետր գազ։

Tert.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն