Ալմաթիում բռնկվել է «Միր» հեռուստառադիոընկերության շենքը (տեսանյութ)
Հրդեհ է բռնկվել Ալմաթիում գտնվող «Միր» հեռուստառադիոընկերության մասնաճյուղի շենքում: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում անելով հեռուստաալիքին:
Հեռուստաալիքը տեսանյութ է հրապարակվել, որում երևում է շենքի պատուհաններից դուրս եկող կրակը: Այդ շենքում է գտնվում հեռուստառադիոընկերության գրասենյակը:
Հինգշաբթի հաղորդվում էր, որ «Միր», «Ղազախստան», «Խաբար», «Եվրասիա» հեռուստահեռարձակողների գրասենյակները Ալմաթիում հարձակման են ենթարկվել կողոպտիչների կողմից:
Ղազախստանում զանգվածային բողոքի ակցիաներ են սկսվել հունվարի 2-ին։ Սկզբում Ժանաօզեն և Ակտաու քաղաքների բնակիչները դուրս եկան փողոց՝ իրենց բողոքի ձայնը բարձրացնելու ընդդեմ գազի թանկացման։ Ավելի ուշ բողոքի ակցաները տարածվեցին ամբողջ երկրով մեկ։ Իշխանությունները հայտնեցին, որ կվերանայեն գազի սակագինը, սակայն երկրում իրավիճակը չկայունացավ։ Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, բողոքի ցույցերի համատեքստում, հայտարարեց, որ այսուհետ ինքն է Ղազախստանի Անվտանգության խորհրդի ղեկավարը։
ՀԱՊԿ (Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպություն) հավաքական անվտանգության խորհրդի՝ 2022 թվականի հունվարի 6-ին ընդունված որոշման համաձայն՝ Ղազախստանի Հանրապետությունում իրավիճակի կայունացման և կարգավորման հաստատման նպատակով սահմանափակ ժամանակահատվածով այդ երկիր են ուղարկվել ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժերը: