ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին պետ, նախկին գլխավոր ռազմական տեսուչ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանի խոսքով՝ Հայաստանը նախորդ երկու տարիներին ՀՀ սահմաններում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ ՀԱՊԿ-ին այլ հոդվածներով է դիմել, իսկ Ղազախստանը՝ բոլորովին այլ։

«Հայաստանն ինչ հոդվածով դիմել էր ՀԱՊԿ-ին, այդ հոդվածին համարժեք ՀԱՊԿ-ն արձագանքել է։ Իսկ Ղազախստանը դիմել է այլ հոդվածով, ուստի ՀԱՊԿ-ը այդ հոդվածին համարժեք է արձագանքում»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Մովսես Հակոբյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ Հայաստանի կողմից Ղազախստան խաղաղապահներ ուղարկելու մասին որոշմանը։

Միաժամանակ նա ընդգծեց, որ Ղազախստանում տեղի ունեցող իրադարձությունները մանրամասնորեն չի ուսումնասիրել, չգիտի՝ տեղում ինչ իրավիճակ է, հետևաբար՝ հստակ չի կարող ասել, թե որքանով էր նպատակահարմար Հայաստանի կողմից նման որոշում կայացնելը։

Հիշեցնենք, որ 2021 թվականի մայիսի 13-ին Նիկոլ Փաշինյանն Անվտանգության խորհրդի նիստում հայտարարել էր, որ Սյունիքի մարզի Սև լճի շուրջ և մերձակա տարածքներում պայթյունավտանգ իրավիճակ է, քանի որ այնտեղ ներխուժել են ադրբեջանական զինված ուժերի ծառայողներ։

«Ստեղծված իրավիճակը լիարժեքորեն համապատասխանում է ՀԱՊԿ հոդված 2-րդի 2-րդ պարբերությանը, համաձայն որի՝ «մեկ կամ մի քանի մասնակից պետությունների անվտանգությանը, տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը սպառնացող վտանգի կամ միջազգային խաղաղությանն ու անվտանգությանը սպառնացող վտանգի դեպքում մասնակից պետություններն անմիջապես կակտիվացնեն համատեղ խորհրդակցությունների մեխանիզմը` իրենց դիրքորոշումները համակարգելու և ծագած սպառնալիքը վերացնելու նպատակով միջոցներ ձեռնարկելու համար»,- իր խոսքում ասել էր Ն. Փաշինյանը։

Նույն օրը ՀԱՊԿ-ն պաշտոնական հայտարարություն էր տարածել, որում մասնավորապես նշել էր. «ՀԱՊԿ-ում ուշադիր հետևում են Հայաստանի Սյունիքի մարզի սահմանային իրավիճակի զարգացմանը և իրավիճակի զարգացումից ելնելով` անհրաժեշտության դեպքում գործողություններ կկիրառվեն՝ համապատասխան հավաքական անվտանգության պայմանագրի դրույթներին ու ՀԱՊԿ-ի կանոնադրությանը»:

Հիշեցնենք նաև, որ հունվարի 6-ին Նիկոլ Փաշինյանը իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարդ Տոկաևի դիմումի հիման վրա և Ղազախստանի ազգային անվտանգությանը և ինքնիշխանությանը սպառնացող վտանգների բերումով, որն առաջացել է այդ թվում արտաքին միջամտության արդյունքում, ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհուրդը Հավաքական անվտանգության պայմանագրի 4-րդ հոդվածի համաձայն որոշում է կայացրել սահմանափակ ժամանակահատվածով Ղազախստանի Հանրապետություն ուղարկել ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժեր՝ այդ երկրում իրավիճակի կայունացման և կարգավորման նպատակով։

168.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն