Ղազախական «Թուրան Ալեմ» բանկի նախկին ղեկավար Մուխտար Աբլյազովը, որը գտնվում է արտասահմանում, իրեն անվանել է ընդդիմության և երկրում բողոքի շարժման առաջնորդ: ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ այս մասին «Ռոյթերս»-ին հայտնել է երկրից հեռացած բանկիրը:

Աբլյազովն ընդգծել է, որ ցուցարարներն Ալմաթիում ամեն օր հարցնում են իրեն, թե ինչպես գործեն: Նա հայտարարել է նաև, որ կվերադառնա Ղազախստան, որպեսզի գլխավորի «ժամանակավոր կառավարությունը», եթե բողոքի ցույցը «հասնի ճիշտ մասշտաբի»:  Բանկիրը, որը հարցազրույց է տվել Փարիզում, հավելել է, որ գումարներ չի ստացել Արևմուտքի երկրներից՝ բողոքի ցույցերը համակարգելու համար:

Միևնույն ժամանակ նա կոչ է արել արևմտյան երկրներին միջամտել Ղազախստանում տեղի ունեցող իրադարձություններին՝ թույլ չտալու համար երկրի մտերմացումը Ռուսաստանի հետ:

Աբլյազովի նկատմամբ քրեական գործեր են հարուցվել Ռուսաստանում, Ղազախստանում և Ուկրաինայում: Նրան մեղադրել են մի շարք իրավախախտումների մեջ, այդ թվում՝ խարդախության, փաստաթղթերի կեղծման, լիազորությունների չարաշահման: 2009 թվականին նրա դեմ գործ է հարուցվել այն բանից հետո, երբ բանկիրը երկրից փախել է, և նրա նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարվել Ինտերպոլի գծով:

2013 թվականին Աբլյազովը ձերբակալվել է Ֆրանսիայի տարածքում: Նրա արտահանձնմանը միաժամանակ հասել են Ուկրաինան և Ռուսաստանը: Առաջնությունը տրվել է ռուսական կողմին: Պաշտպանությունը հայտարարել է, որ Աբլյազովի դեմ գործը քաղաքական է և դիմել է Ֆրանսիայի պետական խորհրդին, որը չեղարկել է արտահանձնման որոշումը:

Tert.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն