Նուր-Սուլթան ժամանած ՀԱՊԿ խաղաղապահների պաշտպանական գործառույթի կիրառումը թույլ է տվել ղազախստանյան իրավապահ մարմինների ուժերի մի մասն ուղարկել Ալմաթի՝ հակաակաբեկչական գործողություններին մասնակցելու: «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասվում է երկրի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:

«Ընդգծվել է, որ ՀԱՊԿ միավորված խաղաղապահ զորակազմի անվտանգության գործառույթի կիրառումը Նուր-Սուլթանում թույլ է տվել ղազախստանյան իրավապահ մարմինների ուժերի մի մասին ներգրավել Ալմաթիում իրականացվող հակաակաբեկչական գործողություններին»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ Տոկաևը հստակ հանձնարարություններ է տվել երկրում իրավիճակի կայունացմանն ուղղված գործողություններին ներգրավված գերատեսչությունների օպերատիվ և համախմբված աշխատանքն ապահովելու համար:

Ղազախստանում զանգվածային բողոքի ակցիաներ են սկսվել հունվարի 2-ին։ Սկզբում Ժանաօզեն և Ակտաու քաղաքների բնակիչները դուրս եկան փողոց՝ իրենց բողոքի ձայնը բարձրացնելու ընդդեմ գազի թանկացման։ Ավելի ուշ բողոքի ակցաները տարածվեցին ամբողջ երկրով մեկ։ Իշխանությունները հայտնեցին, որ կվերանայեն գազի սակագինը, սակայն երկրում իրավիճակը չկայունացավ։ Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, բողոքի ցույցերի համատեքստում, հայտարարեց, որ այսուհետ ինքն է Ղազախստանի Անվտանգության խորհրդի ղեկավարը։

ՀԱՊԿ (Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպություն) հավաքական անվտանգության խորհրդի՝ 2022 թվականի հունվարի 6-ին ընդունված որոշման համաձայն՝ Ղազախստանի Հանրապետությունում իրավիճակի կայունացման և կարգավորման հաստատման նպատակով սահմանափակ ժամանակահատվածով այդ երկիր են ուղարկվել ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժերը:

Tert.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն