Նուրսուլթան Նազարբաևը Ղազախստանի փաստացի միապետն էր դեռ խորհրդային տարիներից: Հետխորհրդային երկրների ղեկավարների շարքում Նազարբաևը, թերևս, ամենաերկարը պահպանեց իշխանությունը` 1980-ականների կեսերից մինչև 2022 թ.-ի հունվարը, երբ զանգվածային փողոցային ցույցերի արդյունքում ստիպված էր թողնել ոչ միայն իշխանության վերջին լծակը` Ղազախստանի անվտանգության խորհրդի նախագահի պաշտոնը, այլև լքել երկիրն ու հանգրվանել Մոսկվայում: Ավելի քան 30 տարի լինելով Ղազախստանի փաստացի միապետը` Ելբասի (ազգի առաջնորդ) Նազարբաևը փորձեց ղազախ ժողովրդի պատմության մեջ առաջին անգամ պետականություն կառուցել` միաժամանակ չմոռանալով արևելյան հեքիաթներում նկարագրված իրավիճակներին համահունչ անձնական հարստություն կուտակել  և դասական արևելյան դիկտատորների օրինակով ամբողջական իշխանությունը կենտրոնացնել իր իսկ կլանի (ժուզի) ձեռքերում:

Հակիրճ անդրադառնալով Ղազախստանում Նազարբաևի շուրջ 30-ամյա կառավարման գաղափարախոսական ուղղություններին` նշենք, որ ներքաղաքական ասպարեզում Ելբասին հետևողականորեն ազգայնականացնում էր հիմնականում ռուսախոս և ԽՍՀՄ փլուզման պահին շուրջ 50 տոկոս սլավոնական բնակչություն ունեցող Ղազախստանը: Նույնիսկ մայրաքաղաքը Ալմաթիից տեղափոխեց Աստանա, որպեսզի ապահովի ղազախների մեծամասնությունը մայրաքաղաքում, համապատասխանաբար նաև կառավարող օղակներում: Բացի կառավարական օղակներից, Նազարբաևը «ղազախացրեց» նաև մասնավոր ոլորտը` ահռելի ծավալներով բնական պաշարների արդյունահանումը և արտահանումը կենտրոնացնելով ղազախների, իսկ ավելի կոնկրետ` իր իսկ ժուզի ներկայացուցիչների ձեռքերում: Նազարբաևյան շրջանում ղազախերենն աստիճանաբար տիրապետող դարձավ, և ստեղծվեցին պայմաններ, որպեսզի ռուսախոս սլավոնական բնակչությունն աստիճանաբար լքի Ղազախստանի տարածքը:

Արտաքին քաղաքականության ասպարեզում Ելբասին ի սկզբանե արագորեն հրաժարվեց ԽՍՀՄ-ից ժառանգություն մնացած միջուկային զինանոցից և ընտրեց ռուսական անվտանգային հովանոցը` շատ լավ հասկանալով, որ Ղազախստանի համար Ռուսաստանի այլընտրանքը Չինաստանի կողմից կլանվելն է կամ հարավից սպառնացող արմատական իսլամի «զոհ» դառնալը: Միաժամանակ, Նազարբաևը 1990-ականների սկզբից առաջ էր տանում թյուրքական միասնության ու համերաշխության, ինչպես և եվրասիական միության գաղափարները` թյուրքական տարրի գերակայությամբ: Հետխորհրդային տարածաշրջանում Նազարբաևը մշտապես հավակնել է հակակշռել Մոսկվային` մի կողմից աջակցելով ղազախական ազգայնականությանը, պանթուրանական գաղափարներին, մյուս կողմից` Կենտրոնական Ասիայում ակտիվորեն համագործակցելով թե ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների հետ: Բավական է հիշել, որ Մոկվային «իր տեղը ցույց տալու համար» Ելբասին ժամանակ առ ժամանակ պտտել էր տալիս այն թեզը, թե Ղազախստանը Ռուսիան նվաճած Ոսկե Հորդայի (Ռուաստանում թաթար-մոնղոլական լուծը) ժառանգորդն է:

Նազարբաևի տապալման հիմնական պատճառը բոլոր դիկտատորներին բոնորոշ ախտանիշն է` իրականության հետ կապի կորուստը: 21-րդ դարում Նուրսուլթան Նազարբաևը մտածում էր, որ կարող է ցմահ կառավարել Ղազախստանը` տարածքի մեծությամբ աշխարհի 9-րդ երկիրը, և իր ժուզի ձեռքերում կուտակել Ղազախստանի հսկայական բնական պաշարների շահագործումը: Ավելին` Նազարբաևին ինչ-որ պահի թվաց, որ 21-րդ դարում պետության մայրքաղաքն իր անունով անվանակոչելը, կենդանի մարդու, նույն ինքը` Նուրսուլթան Նազարբաևի արձաններ տեղադրելն ու ինքն իրեն ղազախների Ելբասի հռչակելը նորմալ երևույթ է, և հավերժ այդպես է լինելու:

Պատմական արդարության տեսանկյունից, թերևս, ղազախները պետք է շնորհակալ լինեին Մոսկվային, որ պատմության մեջ առաջին անգամ ԽՍՀՄ կազմում Ղազախստան անվանումով պետություն է ստեղծվել, արդյունաբերություն ու ենթակառուցվածքներ հիմնադրվել, կրթական համակարգ ձևավորվել, ի վերջո` 1930-ականներին մի ամբողջ քոչվոր ժողովրդի` ղազախներին, Մոսկվան ստիպել է անցնել նստակյաց կյանքի: Կարճ ասած` 20-րդ դարում Մոսկվան ղազախների համար քաղաքակրթական նշանակության ահռելի աշխատանք է կատարել: Շնորհակալ լինելու փոխարեն Նազարբաևը 20 տարուց ավել պատմության դասագրքերով ղազախներին քարոզել է, որ Ռուսական Կայսրությունը կոտորել է ղազախ ժողովրդին, իսկ ԽՍՀՄ-ը, որի վախճանի շրջանում Նազարբաևը միութենական տրամաչափի վերջին գործիչը չէր, միայն բռնաճնշումների ու «գոլոդոմորի» է ենթարկել ղազախներին: Ըստ Նազարբաևի` ղազախական նոր ինքնության հենասյունը բացահայտ հակախորհրդայնությունն էր, որը ոչ այլ ինչ է, քան քողարկված հակառուսականություն:   

Բացի դրանից, 2010-ականներին վերջնականապես «ոտքերը ամպոտած» Նազարբաևն այդպես էլ չցանկացավ գիտակցել, որ աշխարհաքաղաքական կենտրոնները երկար չեն հանդուրժելու Ելբասիի «թյուրքական խաղերը»: Այսպես. 2010-ականների սկզբներից սեփական անձի կշիռը բարձրացնելու նպատակով Նազարբաևը թյուրքական համերաշխության քողի տակ ռուսական նախագծերում` ՀԱՊԿ-ում և ԵԱՏՄ-ում, Թուրքիայի և Ադրբեջանի ղեկավարներ Էրդողանի ու Ալիևի քաղաքական վարձկանի դերակատարություն էր ատանձնել: Հենց այս նույն շրջանում է, որ Ելբասին ԵԱՏՄ գագաթնաժողովի ընթացքում Հայաստանի անդամակցության հարցով Ալիևի նամակն էր բարձրաձայն ընթերցում՝ մի կողմից Ադրբեջանի պատվերի շրջանակներում փորձելով անախորժ վիճակ ստեղծել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի համար, մյուս կողմից՝ թուրքերի և ադրբեջանցիների շրջանում բարձրացնելով իր անձնական հեղինակությունը: Հենց այս նույն շրջանում և նույնանման նկատառումներով էր Սիրիայում ռուսական ռազմական օպերացիայի հարցերում Նազարբաևը ՀԱՊԿ-ում և ԵԱՏՄ-ում  հակաճառում ՌԴ նախագահին՝ քաղաքական ու դիվանգիտական ծառայություններ մատուցելով Թուրքիայի նախագահ Էրդողանին: Հիշենք նաև, որ 2020-ի 44-օրյա արցախյան պատերազմից հետո Ելբասին հրապարակավ շնորհավորում էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին` ՀԱՊԿ շրջանակներում Ղազախստանի դաշնակից Հայաստանի նկատմամբ ռազմական հաղթանակ տանելու կապակցությամբ:

Նազարբաևի վերոհիշյալ քաղաքականության հարցերում Հայաստանը թույլ օղակ էր ընկալվում, որի վրա ըստ Նազարբաևի` կարելի էր ինքնահաստատվել: ՀԱՊԿ շրջանակներում ֆորմալ դաշնակից Հայաստանի շահերը սակարկման առարկա դարձնելը տեղավորվում էր Ելբասիի պատկերացրած «ռեալ պոլիտիկի» տրամաբանության մեջ, որտեղ չկա արժեք, չկա բարոյականություն, կա միայն անձնական շահ: Ղազախստանի ահռելի բնական պաշարները շահագործած և հսկայական կապիտալի տեր դարձրաձ Նազարբաևին թվում էր, թե որոշիչը փողի ծավալն է, ուստի Ղազախստանը Հայաստանի հանդեպ առավելություն ունեն, քանզի ավելի հարուստ է, Ելբասին էլ` Նախագահ Սերժ Սարգսյանի նկատմամբ առավելություն ունի, քանզի ավելի հարուստ է: Կյանքը ցույց տվեց, որ Նազարբաևը սխալվում էր: Ինչպես և արևելյան ցանկացած դիկտատոր, Ելբասին տապալվեց, նրա արձանը զգետնվեց, նրա կլանն այս պահին Ղազախստանում քաղաքականապես ոչնչացվում է, ինչին անկասկած հետևելու է նաև Նազարբաևի ներկայացրած ժուսի «կուլակաթափությունը»:

Ակներև դարձավ նաև փաստը, որ Նազարբաևի աճեցրած թյուրքա-ղազախական ազգայնականները առաջինն էին, որ զգետնեցին Ելբասիի արձանն ու սկսեցին իրավապահներին բառի բուն իմաստով գլխատել ու Ղազախստանի բանակի զինծառայողներին ծնկի բերել և ստորացնել:

Ի դեպ, ՀՀ երրորդ Նախագահը 2018-ի իշխանափոխությունից հետո չլքեց Հայաստանը, իսկ 30 տարվա ամենակարող Ելբասին զանգվածային ցույցերի առաջին իսկ ժամերին ճողոպրեց երկրից` բախտի քմահաճույքին թողնելով թե իր կլանին, և թե իր համախոհներին: Նաև ճակատագրի հեգնանքն է, որ Նազարբաևի դրածո Կասիմ-Ժոմարտ Տոկաևը Ղազախստան պետությունը փրկելու համար ուժային օգնություն խնդրեց ոչ թե Նազարբաևի ստեղծած, շահած, պահած Թյուքական խորհրդից կամ Էրդողան-Ալիև զույգից, այլ ՀԱՊԿ-ից, որի շարքերում է նաև Հայաստանը:

Այն Հայաստանը, որի նկատմամբ ռազմական հաղթանակի առթիվ Նազարբաևն ու Տոկաևը հրապարակավ շնորհավորում էին Իլհամ Ալիևին: Ուշագրավ է, որ Նազարբաևի տապալումը պատմականության աքսիոմ է, և նրա ճակատագրին (գուցե և ավելի դաժան տարբերակով) արժանանալու են հետխորհրդային վերջին դիկտատորները` Ալիևն ու Լուկաշենկոն: Պատմական զարգացումների տրամաբանությամբ` սա ընդամենը ժամանակի հարց է: Ի դեպ` շատ կարճ ժամանակի: 

Ա.Ա.

Panorama.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն