Ղազախստանի նախագահը հեռացրել է իր գրառումը․ ՀԱՊԿ-ը կախվեց
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենն ասել է, որ Վաշինգտոնը պարզաբանում է ակնկալում Ղազախստանի իշխանություններից, թե ինչու են նրանք ստիպված եղել դիմել ՀԱՊԿ-ին, որում Ռուսաստանը գերիշխող դեր է խաղում, ներքին հուզումները ճնշելու համար:
Բացի այդ, ամերիկյան դիվանագիտության ղեկավարը դատապարտել է Ղազախստանի իշխանությունների հրամանը դիմահար կրակելու մասին։
«Սպանելու համար կրակելու հրամանը, այնպես, ինչպես այն գործում է, սխալ է և պետք է չեղարկվի», – ասել է Բլինքենը ABC հեռուստաընկերության «Այս շաբաթ» հաղորդմանը տված հարցազրույցում:
Ավելի վաղ Մոսկվայում Ղազախստանի դեսպան Երմեկ Կոշերբաևն ասել էր, որ պետական մակարդակով Ղազախստանի գործերին արտաքին միջամտության փաստեր չկան։ «Դիվանագիտական մակարդակով չեմ կարող ասել, որ ակնհայտ միջամտություն կա, որպես այդպիսին՝ չկա»,- ասել է նա՝ պատասխանելով համապատասխան հարցին։ «Կամ գուցե ինչ-որ մեկը փորձում է [միջամտել] հնարավոր տարբեր կենտրոնների միջոցով: Այսինքն՝ պաշտոնապես պետական մակարդակով նման բան տեղի չի ունենում, ավելին, կա Ղազախստանում տեղի ունեցող գործընթացի ըմբռնում»,- նշել է դեսպանը։
Ավելի վաղ Ղազախստանի նախագահ Տոկաևը հեռացրել էր Ղազախստանում մոտ 20 հազար ահաբեկիչների առկայության մասին գրառումը, ինչը դարձել էր Ղազախստանի՝ ՀԱՊԿ-ին դիմելու հիմնավորումներից մեկը։ Այնուհետև պաշտոնական լրատվական գործակալությունը ջնջեց վերջին իրադարձություններում 164 զոհերի թվի մասին հաղորդագրությունը:
ՀԱՊԿ խաղաղապահ ուժերը Ղազախստանում կմնան մեկ շաբաթից ոչ ավելի, հայտարարել է հանրապետության նախագահի մամուլի քարտուղար Բերիկ Ուալին Խաբար 24 հեռուստաալիքի եթերում։ Նրա խոսքերը մեջբերել է KazTAG տելեգրամյան ալիքը։
Ապատեղեկատվությունն օգտագործվել էր նաև 2008-ի ռուս-վրացական պատերազմի ժամանակ, երբ սկզբում հաղորդվում էր Վլադիկավկազում «հազարավոր զոհերի» մասին, այնուհետև այդ թվերը զգալի նվազում էին, բայց ռուսական զորքերն արդեն անցել էին Ռոկի լեռնանցքը։ Իսկ ուկրաինական իրադարձությունների ժամանակ պատմություններ եղան «խաչված ռուս տղայի» մասին և այլն։
ԱՄՆ պետքարտուղարն ասել է. «Ինչպե՞ս է Մոսկվան բացատրում իր գործողությունները։ Ապատեղեկատվությամբ։ Նա պնդում է, որ Ուկրաինան սպառնալիք է Ռուսաստանի համար։ Որ Ուկրաինան ձգտում է հակամարտություն հրահրել։ Եվ որ ռուսական զորքերի, տանկերի ու ծանր հրետանու կուտակումը զուտ պաշտպանական բնույթ ունի։ Դա նույնն է, որ աղվեսն ասեր, որ պետք է հարձակվի հավանոցի վրա, քանի որ դրա բնակիչները ինչ-որ կերպ վտանգ են ներկայացնում իր համար»:
Lragir.am