«Հայհոյախոս Էրդողանը»․ Հասան Ջեմալ
Երիտթուրք պարագլուխներից Ջեմալ Փաշայի թոռը՝ T24-ի լրագրող, հրապարակախոս Հասան Ջեմալը, իր սյունակում անդրադարձել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վարքագծին և պարբերաբար հնչեցրած վիրավորանքներին։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Լրագրողը նշել է, որ ավելի քան կես դար հետևում է քաղաքական գործընթացներին, սակայն Էրդողանի նման հայհոյախոս քաղաքական գործչի երբևէ չի հանդիպել։
Ջեմալն իր չափածո հոդվածը «Հայհոյախոս» է վերնագրել։
Լրագրողի համար զարմանք են առաջացնում Էրդողանի հանրային տարբեր շերտերին ուղղված չափ ու սահման չունեցող վիրավորանքները։
Ջեմալը հիշեցրել է Էրդողանի խոսքերը՝ ուղղված «Գորշ գայլեր» ահաբեկչական կազմակերպության քաղաքական թևը համարվող «Ազգայնական շարժում կուսակցության» (MHP-ԱՇԿ) առաջնորդ Դևլեթ Բահչելիին։ Էրդողանը 2014թ․ Բահչելիի մասին ասել էր․«Բերանից թուք է թափվում»․։
Ջեմալը մեջբերումներ է արել Էրդողանի սկանդալային հայտարարություններից, ինչպես օրինակ՝ «Ինձ անվանել են «վրացի», իսկ որ ավելի վատ է՝ «հայ»։
Հատկանշական է, որ Էրդողանի զազրախոսությունների մեծ մասը բաժին է ընկնում Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր ուժի առաջնորդ՝ Քեմալ Քըլըչդարօղլուին։
Ermenihaber.am