«Երբ Հայաստանի կառավարությունը ստանձնեց իշխանությունը 2018 թվականի թավշյա հեղափոխությունից հետո, տպավորություն էր, թե դա հետխորհրդային այս հանրապետությունում խոսքի ազատության նոր դարաշրջան է բացելու: Սակայն տեղի լրագրողները մտավախություն ունեն, որ այդ օրերը կարող են ավարտվել, քանի որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը վիրավորանքի և զրպարտության  համար նոր օրենսդրական փոփոխություններ է ներդրել»,- այս մասին գրել է «Լրագրողների պաշտպանության կոմիտե» (CPJ) միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը:

Միջազգային կազմակերպությունը տեղեկացրել է, որ հոկետմբերի 11-ին ստորագրված Քաղաքացիական օրենսգրքի փոփոխության համաձայն՝ այլ անձանց վիրավորելու կամ զրպարտելու հարցում մեղավոր ճանաչված մարդիկ կտուգանվեն նախկին տուգանքի եռապատիկի չափով՝ մինչև 3 մլն և մինչև 6 մլն դրամ:

Հետազոտության համաձայն՝ Փաշինյանի իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորները պաշտպանել են անհրաժեշտ միջոցները՝ առցանց ապատեղեկատվության և հայհոյանքների դեմ պայքարելու համար։ Բայց մամուլի ազատության ջատագովները CPJ-ին ասել են, որ վախենում են, որ նոր օրենքները կօգտագործվեն որպես քննադատական ​​միջոցները ճնշելու գործիք և կհանգեցնեն ինքնագրաքննության, քանի որ վերջին տարիներին մամուլի դեմ հայցերը կտրուկ աճել են։ CPJ-ն հաղորդում է նաև, որ նամակով դիմել է խորհրդարանին և Հայաստանի վարչապետի մամուլի քարտուղարին մեկնաբանությունների համար, սակայն որևէ պատասխան չի ստացել:

Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը CPJ-ի հետ հեռախոսազրույցում ասել է, որ փոփոխությունները վտանգ են ներկայացնում իշխանություններին քննադատող լրագրողների համար։ Նա նշել է, որ նման միջոցառումները «ընտրովի արդարադատությունը չարաշահելու թափանցիկ փորձ են կառավարության նկատմամբ ընդդիմադիր տրամադրված լրագրողների և լրատվամիջոցների նկատմամբ»:

«Երբ Փաշինյանն ինքը նախկին լրագրող էր, իշխանությունը վերցրեց 2018 թվականին՝ իրականացնելով ոչ բռնի դեմոկրատական ​​շարժումը, որը հայտնի է որպես «Թավշյա հեղափոխություն», լրագրողներն անհամբեր սպասում էին ավելի ազատ մեդիա միջավայրի և վաղուց ուշացած բարեփոխումներին: Ի տարբերություն իր նախորդի՝ Սերժ Սարգսյանի, Փաշինյանը խուսափել է ուղղակիորեն միջամտել լուրերի լուսաբանմանը, և լրատվամիջոցների բազմազանությունը մեծացել է։

Այնուամենայնիվ, սպասված բարեփոխումները, առաջին հերթին պաշտոնական տեղեկատվության հասանելիության և հեռուստատեսային շուկայի ազատականացման ոլորտներում, չեն իրականացվել: Իշխանության գալուց ի վեր Փաշինյանի կառավարությունը առճակատման հարաբերություններ է ունեցել մամուլի հետ, որոնց մեծ մասը դեռ պատկանում է նախկին վարչակարգին մոտ կանգնած անհատներին, և ցույց է տվել, որ ավելի զգայուն է քննադատության նկատմամբ անցյալ տարվա Լեռնային Ղարաբաղի պատերազմում Հայաստանի պարտությունից հետո»,- ասված է հետազոտության մեջ:

Կազմակերպությունը նաև հիշեցնում է, որ օգոստոսին խորհրդարանն արգելել է լրագրողներին մուտք գործել օրենսդիր մարմին՝ առանց նախնական թույլտվության, և սահմանափակել է օրենսդիրների մեդիա հարցազրույցները՝ թույլատրելով դրանք  միայն նշանակված տարածքում, իշխանությունները նաև բռնի ուժով հեռացրել են լրագրողներին խորհրդարանի մամուլի սրահից՝ թույլ չտալով նրանց նկարահանել օգոստոսի 24-ին և 25-ին խորհրդարանում տեղի ունեցած ծեծկռտուքները:

CPJ-ն նաև հիշեցնում է, որ օրենսդրական նոր փոփոխություններն առանց քննարկման չեն անցել. վիրավորանքի և զրպարտության համար պատիժները եռապատկելու օրենքը ի սկզբանե ընդունվել էր խորհրդարանի կողմից մարտի 24-ին, սակայն լրագրողական կազմակերպությունների հետ քննարկումներից հետո նախագահ Արմեն Սարգսյանն այն ուղարկել էր Սահմանադրական դատարան՝ դրա սահմանադրականությունը ստուգելու համար, հոկտեմբերի 5-ին դատարանը վճիռ է կայացրել հօգուտ օրինագծի։

Միջազգային կազմակերպությունը  հիշեցնում է, որ քաղաքական գործունեությունից առաջ Փաշինյանը լրագրողական աշխատանքի ընթացքում տուգանվել է հենց զրպարտության հոդվածով, երբ 1999թ. այն ժամանակ դեռ ներքին գործերի նախարար Սերժ Սարգսյանը դատական հայց էր ներկայացրել նրա «Օրագիր» թերթի դեմ՝ զրպարտության հոդվածով: «Ինֆորմացիայի ազատության կենտրոնի» ղեկավար Շուշան Դոյդոյանն էլ հիշեցրել է, որ այդ տուգանքը՝ 6 մլն դրամը, վճարել չկարողանալու պատճառով թերթը սնանկացել է:

«Ներկայումս նրանք անում են նույնը, ինչ նրանց դեմ է արվել»,- նշել է Դոյդոյանը: Ընդհանուր առմամբ բոլոր մասնագետները, ում հետ զրուցել են կազմակերպության ներկայացուցիչները, կտրուկ դեմ են արտահայտվել ՀՀ իշխանությունների միջոցառումներին:

Հրապարակման պատրաստեց 168.am-ը

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն