Ռուսական կողմը ԱՄՆ-ի հետ անվտանգության երաշխիքների բանակցությունների ժամանակ բացատրել է, որ Ուկրաինայի վրա «հարձակվելու» մտադրություններ չունի։ Այս մասին բանակցություններին հաջորդած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը, գրում է Russia Today-ը։

«Մենք բացատրեցինք մեր գործընկերներին, որ Ուկրաինայի վրա «հարձակվելու» ծրագրեր, մտադրություններ չկան և չեն կարող լինել», - ասել է Ռյաբկովը։ Նրա խոսքով՝ զորքերի մարտական պատրաստության բոլոր միջոցառումներն իրականացվում են Ռուսաստանի տարածքում։

Ռուսաստանի փոխարտգործնախարարն ընդգծել է, որ «այս առումով որևէ էսկալացիայի սցենարից վախենալու պատճառ չկա»։

Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև անվտանգության երաշխիքների հարցով բանակցություններն ավարտվել են։ Հանդիպումն անցկացվել է Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում ԱՄՆ մշտական ներկայացուցչության տարածքում՝ փակ ձևաչափով։

Բանակցությունները տևել են գրեթե 8 ժամ։

Դեկտեմբերի 17-ին ՌԴ ԱԳՆ-ն շրջանառության մեջ է դրել ԱՄՆ-ի և Հյուսիսատլանտյան դաշինքի կողմից իրավական անվտանգության երաշխիքների տրամադրման վերաբերյալ ռուսական երկու փաստաթղթերի նախագիծ։ Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կոչ էր արել ՆԱՏՕ-ին սկսել առարկայական բանակցություններ՝ նպատակ ունենալով Ռուսաստանին ապահովել անվտանգության հուսալի և երկարաժամկետ երաշխիքներ։ Նա պարզաբանել է, որ Մոսկվային հենց իրավական երաշխիքներն են պետք, քանի որ արևմտյան գործընկերները չեն կատարել իրենց համապատասխան բանավոր պարտավորությունները։

Tert.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն



Գովազդ