ԱՄՆ իշխանությունները համաձայն չեն ՆԱՏՕ-ի կազմ նոր երկրների ընդունման սահմանափակումների հետ։ Այս մասին երկուշաբթի հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի առաջին տեղակալ Վենդի Շերմանը լրագրողների համար հատուկ հեռախոսային ճեպազրույցում՝ Ժնևում ավարտված անվտանգության երաշխիքների վերաբերյալ ռուս-ամերիկյան խորհրդակցությունների արդյունքներով, գրում է ՏԱՍՍ-ը։

«Մենք ոչ մեկին թույլ չենք տա վերջ տալ ՆԱՏՕ-ի բաց դռների քաղաքականությանը, որը միշտ առանցքային է եղել դաշինքի համար», - ասել է նա:

Շերմանն ասել է, որ ԱՄՆ-ն մտադիր չէ առանց երկրի ղեկավարության հետ նախնական խորհրդակցությունների որոշումներ կայացնել Ուկրաինայում տիրող իրավիճակի վերաբերյալ։

Ամերիկյան պատվիրակությունը նաև հայտարարել է, որ Վաշինգտոնը բաց է Եվրոպայում հրթիռների տեղակայման հարցերը քննարկելու համար։

«Մենք հստակ հասկացրել ենք, որ ԱՄՆ-ն բաց է Եվրոպայում կոնկրետ հրթիռային համակարգերի ապագայի քննարկման համար՝ Միջին հեռահարության միջուկային ուժերի պայմանագրի դադարեցման լույսի ներքո», - ասել է Շերմանը:

Հիշեցնենք, որ ռուսական կողմը ԱՄՆ-ի հետ անվտանգության երաշխիքների բանակցությունների ժամանակ բացատրել է, որ Ուկրաինայի վրա «հարձակվելու» մտադրություններ չունի։ Այս մասին բանակցություններին հաջորդած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը:

«Մենք բացատրեցինք մեր գործընկերներին, որ Ուկրաինայի վրա «հարձակվելու» ծրագրեր, մտադրություններ չկան և չեն կարող լինել», - ասել է Ռյաբկովը։ Նրա խոսքով՝ զորքերի մարտական պատրաստության բոլոր միջոցառումներն իրականացվում են Ռուսաստանի տարածքում։

Ռուսաստանի փոխարտգործնախարարն ընդգծել է, որ «այս առումով որևէ էսկալացիայի սցենարից վախենալու պատճառ չկա»։

Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև անվտանգության երաշխիքների հարցով բանակցություններն ավարտվել են։ Հանդիպումն անցկացվել է Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում ԱՄՆ մշտական ներկայացուցչության տարածքում՝ փակ ձևաչափով։

Բանակցությունները տևել են գրեթե 8 ժամ։

Ինչպես դեկտեմբերի 23-ին կայացած մամուլի ասուլիսում ասել է ՌԴ ղեկավարը, Մոսկվայի հետագա գործողությունները կախված կլինեն ոչ թե ԱՄՆ-ի հետ անվտանգության երաշխիքների շուրջ բանակցությունների ընթացքից, այլ «այսօր և պատմական հեռանկարի համար» Ռուսաստանի անվտանգության անվերապահ ապահովումից։

Պուտինի խոսքով՝ այդ կապակցությամբ ռուսական կողմը «հստակ» հասկացրել է, որ «ՆԱՏՕ-ի հետագա տեղաշարժը դեպի արևելք անընդունելի է»։ Պուտինն ընդգծել է, որ Ռուսաստանը չէ, որ հրթիռներ է տեղակայում ԱՄՆ-ի սահմանների մոտ:

«ԱՄՆ-ն է իր հրթիռներով եկել մեր տուն, դրանք մեր տան շեմին են»,-ասել էր Պուտինը՝ հետաքրքրվելով, թե ինչպես կարձագանքեն ամերիկացիները, եթե Ռուսաստանը իր հրթիռները տեղակայի Մեքսիկայի կամ Կանադայի հետ ԱՄՆ-ի սահմանին։

Դեկտեմբերի 17-ին ՌԴ ԱԳՆ-ն շրջանառության մեջ է դրել ԱՄՆ-ի և Հյուսիսատլանտյան դաշինքի կողմից իրավական անվտանգության երաշխիքների տրամադրման վերաբերյալ ռուսական երկու փաստաթղթերի նախագիծ։ Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կոչ էր արել ՆԱՏՕ-ին սկսել առարկայական բանակցություններ՝ նպատակ ունենալով Ռուսաստանին ապահովել անվտանգության հուսալի և երկարաժամկետ երաշխիքներ։ Նա պարզաբանել է, որ Մոսկվային հենց իրավական երաշխիքներն են պետք, քանի որ արևմտյան գործընկերները չեն կատարել իրենց համապատասխան բանավոր պարտավորությունները։

Tert.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն



Գովազդ