ԱՄՆ-ի և Ռուսաստանի պատվիրակությունները Ժնևում հաստատել են, որ միջուկային պատերազմ չի կարելի սանձազերծել և որ դրանում չի կարելի հաղթել, լրագրողներին ասել է ԱՄՆ պետքարտուղարի առաջին տեղակալ Վենդի Շերմանն անվտանգության երաշխիքների վերաբերյալ Ռուսաստանի և Միացյալ Նահանգների միջև բանակցություններից հետո կայացած ճեպազրույցում, գրում է ՌԻԱ «Նովոստի»-ն:

«ԱՄՆ-ն և Ռուսաստանը համաձայն են, որ միջուկային պատերազմը հնարավոր չէ հաղթել և որ այն երբեք չպետք է սկսվի»,- ասել է Պետքարտուղարության ներկայացուցիչը Ժնևից կայացած հեռախոսային ճեպազրույցում։

Բացի այդ, ԱՄՆ իշխանությունները համաձայն չեն ՆԱՏՕ-ի կազմ նոր երկրների ընդունման սահմանափակումների հետ։ Այս մասին երկուշաբթի հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի առաջին տեղակալ Վենդի Շերմանը լրագրողների համար հատուկ հեռախոսային ճեպազրույցում՝ Ժնևում ավարտված անվտանգության երաշխիքների վերաբերյալ ռուս-ամերիկյան խորհրդակցությունների արդյունքներով։

«Մենք ոչ մեկին թույլ չենք տա վերջ տալ ՆԱՏՕ-ի բաց դռների քաղաքականությանը, որը միշտ առանցքային է եղել դաշինքի համար», - ասել է նա:

Շերմանն ասել է, որ ԱՄՆ-ն մտադիր չէ առանց երկրի ղեկավարության հետ նախնական խորհրդակցությունների որոշումներ կայացնել Ուկրաինայում տիրող իրավիճակի վերաբերյալ։

Ամերիկյան պատվիրակությունը նաև հայտարարել է, որ Վաշինգտոնը բաց է Եվրոպայում հրթիռների տեղակայման հարցերը քննարկելու համար։

«Մենք հստակ հասկացրել ենք, որ ԱՄՆ-ն բաց է Եվրոպայում կոնկրետ հրթիռային համակարգերի ապագայի քննարկման համար՝ Միջին հեռահարության միջուկային ուժերի պայմանագրի դադարեցման լույսի ներքո», - ասել է Շերմանը:

Հիշեցնենք, որ ռուսական կողմը ԱՄՆ-ի հետ անվտանգության երաշխիքների բանակցությունների ժամանակ բացատրել է, որ Ուկրաինայի վրա «հարձակվելու» մտադրություններ չունի։ Այս մասին բանակցություններին հաջորդած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը:

«Մենք բացատրեցինք մեր գործընկերներին, որ Ուկրաինայի վրա «հարձակվելու» ծրագրեր, մտադրություններ չկան և չեն կարող լինել», - ասել է Ռյաբկովը։ Նրա խոսքով՝ զորքերի մարտական պատրաստության բոլոր միջոցառումներն իրականացվում են Ռուսաստանի տարածքում։

Ռուսաստանի փոխարտգործնախարարն ընդգծել է, որ «այս առումով որևէ էսկալացիայի սցենարից վախենալու պատճառ չկա»։

Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև անվտանգության երաշխիքների հարցով բանակցություններն ավարտվել են։ Հանդիպումն անցկացվել է Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում ԱՄՆ մշտական ներկայացուցչության տարածքում՝ փակ ձևաչափով։ Բանակցությունները տևել են գրեթե 8 ժամ։

Ինչպես դեկտեմբերի 23-ին կայացած մամուլի ասուլիսում ասել է ՌԴ ղեկավարը, Մոսկվայի հետագա գործողությունները կախված կլինեն ոչ թե ԱՄՆ-ի հետ անվտանգության երաշխիքների շուրջ բանակցությունների ընթացքից, այլ «այսօր և պատմական հեռանկարի համար» Ռուսաստանի անվտանգության անվերապահ ապահովումից։

Պուտինի խոսքով՝ այդ կապակցությամբ ռուսական կողմը «հստակ» հասկացրել է, որ «ՆԱՏՕ-ի հետագա տեղաշարժը դեպի արևելք անընդունելի է»։ Պուտինն ընդգծել է, որ Ռուսաստանը չէ, որ հրթիռներ է տեղակայում ԱՄՆ-ի սահմանների մոտ:

«ԱՄՆ-ն է իր հրթիռներով եկել մեր տուն, դրանք մեր տան շեմին են»,-ասել էր Պուտինը՝ հետաքրքրվելով, թե ինչպես կարձագանքեն ամերիկացիները, եթե Ռուսաստանը իր հրթիռները տեղակայի Մեքսիկայի կամ Կանադայի հետ ԱՄՆ-ի սահմանին։

Դեկտեմբերի 17-ին ՌԴ ԱԳՆ-ն շրջանառության մեջ է դրել ԱՄՆ-ի և Հյուսիսատլանտյան դաշինքի կողմից իրավական անվտանգության երաշխիքների տրամադրման վերաբերյալ ռուսական երկու փաստաթղթերի նախագիծ։ Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կոչ էր արել ՆԱՏՕ-ին սկսել առարկայական բանակցություններ՝ նպատակ ունենալով Ռուսաստանին ապահովել անվտանգության հուսալի և երկարաժամկետ երաշխիքներ։ Նա պարզաբանել է, որ Մոսկվային հենց իրավական երաշխիքներն են պետք, քանի որ արևմտյան գործընկերները չեն կատարել իրենց համապատասխան բանավոր պարտավորությունները։

Tert.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն