Եվրոպական գործակալությունը դրական է գնահատել «Սպուտնիկ V» պատվաստանյութի կլինիկական փորձարկումների ընթացքը
Դեղամիջոցների վերահսկման եվրոպական գործակալության (EMA) մասնագետները դրական եզրակացություն են տվել «Սպուտնիկ V» պատվաստանյութի կլինիկական փորձարկումների գործընթացի վերաբերյալ: ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ այս մասին երեքշաբթի հայտարարել է դեղամիջոցի մշակմամբ զբաղվող Գամալեայի անվան գիտահետազոտական կենտրոնի փոխտնօրեն Դենիս Լոգունովը:
Վերջինիս խոսքով՝ ներկա պահին Գամալեայի անվան կենտրոնը գտնվում է EMA-ի հետ արտադրական չափանիշների համապատասխանեցման փուլում:
«Կարծում եմ, որ մոտ ապագայում՝ մի քանի ամսում, պետք է որ ավարտենք այդ ընթացակարգը»,- ասել է մասնագետը:
Նա ընդգծել է, որ արտադրական չափանիշները Եվրոպայում, Չինաստանում և Ռուսաստանում պետք է համաձայնեցվեն միմյանց միջև:
Tert.am



















