Ռուսաստանն ու ԱՄՆ-ն կարող են անվտանգության ընդհանուր եվրոպական համակարգ համաձայնեցնել Մոսկվայի մասնակցությամբ: «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ նման կարծիք են հայտնել ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշ կրտսերի՝ Ռուսաստանի հարցով նախկին օգնական Թոմաս Գրեմը և ամերիկացի քաղաքագետ Ռաջան Մենոնը:

«Առաջնային խնդիրը ներկայիս ճգնաժամը թուլացնելն է: Այս բանակցությունները ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմին հնարավորություն են տալիս անել ավելին և ավելին՝ անվտանգության համընդհանուր եվրոպական համակարգի ստեղծում, որը կներառի Ռուսաստանը և կնվազեցնի մայրցամաքում առճակատման և ճգնաժամերի վտանգները»,- ասվում է փորձագետների հոդվածում, որը հրապարակվել է Politico ամսագրում:

Ինչպես ընդգծում են փորձագետները, միջուկային պատերազմն աղետ կլինի երկու երկրի համար, ինչպես նաև ողջ աշխարհի համար, այդ իսկ պատճառով Բայդենի վարչակազմին անհրաժեշտ է հասնել անվտանգության նոր համակարգի ստեղծմանը՝ առանց զինված դիմակայության:

Ռուսաստանն ու ԱՄՆ-ն հունվարի 9-10 խորհրդակցություններ են անցկացրել Ժնևում, որի ժամանակ քննարկվել են անվտանգության հարցով Մոսկվայի առաջարկները: Բրյուսելում նախատեսվում է Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի նիստը, իսկ Վիեննայում խորհրդակցություններ են տեղի ունենալու Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության հարթակում:

Tert.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն