ՌԴ-ի հետ լուրջ տարաձայնությունները պահպանվում են. ՆԱՏՕ-ն հրաժարվում է զիջումների գնալ որոշ երկրների, այդ թվում՝ Ուկրաինայի, դաշինք մտնելու հարցում. Ստոլտենբերգ
Եվրոպական անվտանգության համար առանցքային պահի բարդ քննարկում է տեղի ունեցել ՆԱՏՕ-Ռուսաստան խորհրդի նիստում, կողմերի միջև լուրջ տարաձայնությունները պահպանվում են։ Այս մասին չորեքշաբթի Բրյուսելում կայացած հանդիպման արդյունքներով մամուլի ասուլիսում հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը, գրում է ՏԱՍՍ-ը։
«Դա բարդ քննարկում էր եվրոպական անվտանգության համար կարևորագույն պահին, բայց դա էլ ավելի կարևոր դարձրեց հանդիպումը: Տեղի է ունեցել շատ լուրջ և անմիջական մտքերի փոխանակում Ուկրաինայում տիրող իրավիճակի և եվրոպական անվտանգության հարցերի շուրջ։ Այդ հարցերի շուրջ Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև զգալի տարաձայնություններ կան»,- ասել է նա։
Ըստ Ստոլտենբերգի՝ «հեշտ չի լինի մերձեցնել դիրքորոշումները»։
«Դրանք մերձեցնելը հեշտ չի լինի, բայց մենք դրական քայլ ենք համարում այն, որ մենք նստեցինք բանակցությունների սեղանի շուրջ և սկսեցինք քննարկել: Ե՛վ Ռուսաստանը, և՛ ՆԱՏՕ-ն համաձայնեցին երկխոսությունը վերսկսելու անհրաժեշտության շուրջ»,- հավելել է նա։
Ստոլտենբերգն ասել է, որ ՆԱՏՕ-ն հրաժարվում է զիջումների գնալ որոշ երկրների, այդ թվում՝ Ուկրաինայի, դաշինք մտնելու հարցում։
«Բոլոր դաշնակիցները միակարծիք են դաշինքի հիմնական սկզբունքի շուրջ՝ յուրաքանչյուր երկիր ազատ է ընտրելու իր ուղին: Միայն Ուկրաինան և ՆԱՏՕ-ի 30 անդամներ կարող են որոշել, թե երբ Կիևը պատրաստ կլինի դառնալ դաշինքի անդամ: Ռուսաստանը վետո չունի այն հարցում, թե արդյոք Ուկրաինան կարող է անդամակցել կազմակերպությանը։ Դաշնակիցները պատրաստ են աջակցել Կիևին ՆԱՏՕ-ին անդամակցելու ճանապարհին»,- ասել է Ստոլտենբերգը։
Նա հավելել է, որ ՆԱՏՕ-ն խորհրդի նիստում Ռուսաստանին ասել է, որ տեսնում է ռուսական զորքերի առկայությունը Ուկրաինայի հետ սահմանին։
«Մենք ասացինք, որ տեսնում ենք ուժերի, հրետանու, զորքերի կուտակում և սպառնալից հռետորաբանություն», - ասել է նա:
Գլխավոր քարտուղարի խոսքով՝ «Ուկրաինան սպառնալիք չէ Ռուսաստանի համար, այլ՝ հակառակը»։
«Ուկրաինան ունի ինքնապաշտպանության իրավունք, և, իհարկե, որոշ դաշնակիցներ և ՆԱՏՕ-ն օգնում են Ուկրաինային այդ հարցում»,- ասել է նա։
Ըստ Ստոլտենբերգի՝ ՆԱՏՕ-ի ընդլայնումը եղել և մնում է Եվրոպայում ազատության և ժողովրդավարության տարածման հիմնաքարը։
Tert.am



















