ՀԱՊԿ-ի խաղաղապահները սկսել են նախապատրաստվել Ղազախստանից ուժերի դուրսբերմանը
ՀԱՊԿ-ի երկրների խաղաղապահները ձեռնամուխ են եղել Ղազախստանից իրենց ուժերի դուրսբերման նախապատրաստմանը: Այդ մասին հաղորդել են ՌԴ պաշտպանության նախարարությունում:
«Ղազախստանի Հանրապետությունում ՀԱՊԿ-ի հավաքական խաղաղապահ ուժերի ստորաբաժանումները, կատարելով առաջադրված խնդիրները, ձեռնամուխ են լինում Ռուսաստանի օդատիեզերական ուժերի ռազմա-տրանսպորտային ավիացիայի ինքնաթիռների մեջ տեխնիկայի ու նյութական միջոցների բեռնման նախապատրաստմանը եւ մշտական տեղաբաշխման կետեր վերադարձին»,-հաղորդել են գերատեսչությունում: «ՀԱՊԿ-ի խաղաղապահների վերադարձն իրենց երկրներ կազմակերպվելու է ղազախական կողմի հետ փոխգործակցությամբ»,-հայտարարել են զինվորականները:
ՀԱՊԿ-ի խաղաղապահները Ղազախստանի ուժայիններին են հանձնում երկրի հանգուցային օբյեկտների պահպանումը: Ավելի վաղ հաղորդվել է, որ հինգշաբթի օրը՝ հունվարի 13-ին, պլանավորվել է ՀԱՊԿ-ի ռազմական գերատեսչությունների ղեկավարների խորհրդի արտահերթ նիստը՝ տեսախորհրդաժողովի ռեժիմով: Ինչպես հայտնել է ՀԱՊԿ-ի մամուլի քարտուղար Վլադիմիր Զենեյտդինովը, նիստում կհաստատվի Ղազախստանից խաղաղապահների դուրսբերման կարգը:
Հունվարի 2-ին Ղազախստանում բռնկած բողոքի ակցիաներից հետո, որոնք վերաճեցին ուժայինների հետ բախումների, Ղազախստանի կառավարությունը հրաժարական տվեց, երկրի նախագահ Քասիմ Ժոմարտ Տոկաեւը գլխավորեց Անվտանգության խորհուրդը եւ հանրապետությունում մինչեւ հունվարի 19-ը սահմանեց արտակարգ դրություն: Նա նաեւ դիմել է ՀԱՊԿ-ի օգնությանը՝ «հաղթահարելու ահաբեկչական սպառնալիքը»: ՀԱՊԿ-ի հավաքական անվտանգության խորհուրդը որոշում ընդունեց հավաքական խաղաղապահ ուժեր ուղարկել Ղազախստան՝ երկրում իրադրությունը նորմալացնելու նպատակով: Տոկաեւի տվյալներով՝ երկիր է ժամանել ՀԱՊԿ-ի 2030 խաղաղապահ եւ 250 միավոր տեխնիկա, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:
168.am