Թուրքիայում անցկացված սոցհարցման արդյունքներով Ստամբուլի քաղաքապետն առաջ է անցել գործող նախագահ Էրդողանից
Թուրքիայում Yöneylem-ի կողմից 2021թ. դեկտեմբեր ամսին երկրի 27 նահանգի 2002 քաղաքացու շրջանում իրականացված վերջին սոցհարցման տվյալների համաձայն՝ «հնարավոր» նախագահական ընտրությունների վերաբերյալ հարցման արդյունքներով Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն 4 տոկոսով առաջ է անցել գործող նախագահ Էրդողանից: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական artigercek.com-ը:
Հարցին, թե եթե հնարավոր նախագահական ընտրություններում իշխող «Ժողովրդական դաշինքը» առաջադրի Էրդողանին, «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցությունը Սելահաթթին Դեմիրթաշին, իսկ ընդդիմադիր «Ազգային դաշինքը» «ժողովրդահանրապետական» կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուին, ու՞մ կընտրեք, հարցվածների 37 տոկոսն ասել է Էրդողանին, 33 տոկոսը՝ Քըլըչդարօղլուին, իսկ 12 տոկոսը՝ Դեմիրթաշին:
Երկրորդ հարցին, եթե ընդդիմադիր «Ազգային դաշինքը» որպես նախագահի թեկնածու առաջադրի Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուին, հարցվածներից նրան ընտրելու պատրաստակամություն է հայտնել 41 տոկոսը:
Այսինքն ստացվում է, որ Էքրեմ Իմամօղլուի թեկնածության պարագայում ընդդիմադիր դաշինքի թեկնածուն 4 տոկոսով առաջ է անցել իշխանական դաշինքի թեկնածու, գործող նախագահ Էրդողանից: Հարցման մեջ ներառված է եղել նաև հնարավոր խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ հարցը:
Հարցվածների 26,9 տոկոսը ասել է, որ իր ձայնը կտա իշխող կոալիցիայից «Արդարություն և Զարգացում» կուսակցությանը, 26,3 տոկոսը՝ գլխավոր ընդդիմադիր, քեմալական «Ժողովրդահանրապետական» կուսակցությանը, 10,4 տոկոսը՝ ընդդիմադիր «Լավ» կուսակցությանը, իսկ 4,7 տոկոսը՝ իշխող կուսակցության երկրորդ ուժը հանդիսացող «Ազգայնական շարժում» կուսակցությանը:
Հարցին՝ եթե նախագահական ընտրությունները կայանային հաջորդ կիրակի, նախագահ Էրդողանը կհաղթի՞, թե՞ ընդդիմության թեկնածուն, հարցվածների 61,9%-ը պատասխանել է, որ ընդդիմության թեկնածուն կհաղթի, 38,1 տոկոսը ասել է, որ Էրդողանը կհաղթի:
Հարցվածների 61 տոկոսն ասել է, որ ներկայումս Թուրքիան վատ է կառավարում, իսկ 25 տոկոսը, որ լավ է կառավարվում:
Հաջորդ նախագահական ընտրություններում Էրդողանի օգտին «ես երբեք չեմ քվեարկի» ասողները կազմել են 56,4 տոկոս:
Tert.am