Ալիևի վախերը Սերժ Սարգսյան-Ռոբերտ Քոչարյան «տանդեմից» և «բանակային» ակամա հուշումները Փաշինյանին
2021թ. հունիսին Բաքվում բանակի ղեկավարության հետ կայացած՝ Զինված ուժերի օրվան նվիրված հանդիպման ժամանակ Ադրբեջանի նախագահը հայտարարել էր, որ Բաքուն մեծացնելու է իր ռազմական հզորությունը՝ ճիշտ վերլուծելով Երկրորդ ղարաբաղյան պատերազմի ընթացքն ու արդյունքները:
2022թ. հունվարի 12-ին տեղական հեռուստաընկերություններին տված հարցազրույցում Իլհամ Ալիևը որոշակի փակագծեր է բացել, թե ինչ բացթողումներ են եղել Արցախյան վերջին պատերազմի ընթացքում և ինչի վրա են շեշտը դնելու ադրբեջանական բանակի զարգացման և հզորացման հետպատերազմյան գործընթացում:
«Երկրորդ ղարաբաղյան պատերազմը ցույց տվեց, թե ռազմական ենթակառուցվածքների ինչ էլեմենտներ կամ գործի չեն դրվել, կամ դրվել են շատ սահմանափակ ֆորմատով, կամ էլ եղել են խոցելի: Սա ևս շատ մեծ փորձ է: Բայց ավելին, քան նոր ասացի, հասկանալի պատճառներով չեմ կարող ասել»,- նշել է Ալիևը՝ շեշտելով, որ ավելացնելու են զինված ուժերի հզորությունը, քան ցուցադրվել է վերջին պատերազմի ժամանակ:
Այնուհետև Ադրբեջանի ղեկավարը մանրամասնել է, որ կատարելագործելու են հատկապես հատուկ նշանակության ուժերը, որոնք կարևոր դերակատարում են ունեցել վերջին պատերազմում, ավելին, հատուկ նշանակության նոր ստորաբաժանումներ են ստեղծելու:
«Կոմմանդոս (англ. commandos) ուժերի ստեղծումը մեր ռազմական ներուժի կատարելագործման էլեմենտներից մեկն է, բայց շատ կարևոր: Այս գործընթացը սկսվել է և շարունակվելու է: Հատուկ նշանակության ուժերը Երկրորդ ղարաբաղյան պատերազմի ընթացքում իրենց լավագույն կողմից դրսևորեցին, ուստի այս ուժերի կատարելագործումը, ինչպես նաև հատուկ նշանակության նոր ուժերի ստեղծումը անհրաժեշտություն է, որը թելադրում է իրավիճակը»,- շեշտել է Ալիևը:
Ի՞նչ ասել է՝ կոմմանդոս ուժեր
Կոմմանդոս ուժերը փոքր ստորաբաժանումներ են, որոնց խնդիրներն են՝
• Հետախուզություն, դիվերսիոն գործունեություն,
• Ոչ ավանդական մեթոդներով մարտի վարում (պարտիզանական պատերազմ՝ հակառակորդի թիկունքում)
• Ցանկացած էքստրեմալ բարդ խնդիրների կատարում
• Հատուկ կարևորության օբյեկտների գրավում
• Քաղաքային պայմաններում մարտական գործողությունների իրականացում
• Հակառակորդի հենակետերի դեմ գործողության մասնակցություն՝ գրոհային խմբերում կազմում
Ալիևի վախերը. չգիտենք, թե ինչ կլինի 1, 2, 5 տարի հետո
Կոմմանդոս ուժերի ստեղծումը և առհասարակ սեփական զինված ուժերի կատարելագործումը և հզորացումը Ադրբեջանի նախագահը պատճառաբանել է մի քանի հանգամանքով՝ ի ցույց դնելով, ըստ էության, իր վախերը՝ ՀՀ-ում կան ռևանշիստական ուժեր: Մասնավորապես, ըստ Ալիևի, ՀՀ երկրորդ և երրորդ նախագահներ Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը պատրաստ են ցանկացած պահի, հնարավորությունից օգտվելով, իրենց հարված հասցնել: Այլ կերպ ասած՝ վերականգնել հայկական բանակի մարտունակությունը, ուստիև իրենք չպետք է կանգ առնեն:
«Խոսքը ռևանշի փորձերի մասին է, և այն, որ մենք չգիտենք, թե ինչ կլինի 1, 2, 5 տարի հետո: Իսկ այսօր հայկական բանակն «ամբողջությամբ ջախջախված վիճակում է և ի զորու չէ դիմադրել մեզ», ընդ որում, ավելի շատ, քան Երկրորդ ղարաբաղյան պատերազմի ժամանակ էր»,- ընդգծել է Ալիևը՝ ակնարկելով, թե հաղթանակի դափնիները չպետք է թմրեցնեն իրենց:
Բանակաշինության համատեքստում Ալիևն անդրադարձել է նոր, ժամանակակից և տարաբնույթ սպառազինությունների ձեռքբերմանը:
«Քանի որ ռազմական տեխնոլոգիաները զարգանում են, մենք ցանկանում ենք ձեռք բերել ամենալավը: Մեզ զենք մատակարարելու ցանկություն ունեցողները շատ են, այդ հարցում խնդիրներ չկան»,- վստահեցրել է Ալիևը:
Ըստ էության, Ալիևն ինքն է այս անգամ «ծառայություն» մատուցել Նիկոլ Փաշինյանին՝ հուշելով, թե անընդհատ բանակում բարեփոխումներից և պրոֆեսիոնալ բանակի ստեղծումից խոսող Նիկոլ Փաշինյանն ինչ ուղղությամբ պիտի զարգացնի ՀՀ զինված ուժերը, ինչի վրա պիտի շեշտը դնի:
Այլ հարց է, թե որքանով է Նիկոլ Փաշինյանն ուզում, որպեսզի Հայաստանն ունենա հզոր բանակ, վերականգնի բանակի մարտունակությունը:
Հաշվի առնելով հատկապես պատերազմից հետո բանակի շուրջ և բանակում կատարված և կատարվող գործողությունները, այդ թվում՝ կադրային փոփոխությունները, հանգում ես նրան, որ Փաշինյանն ի գիտություն է ընդունել Ադրբեջանի նախագահի ավելի վաղ արված հետևյալ հայտարարությունը, ով փորձում է ստեղծել թուրքական բանակի փոքր մոդել, որին ուղղված գործուն քայլերը վաղուց են սկսել:
«Հայկական բանակ այլևս չկա և չպետք է լինի։ Մենք երբեք թույլ չենք տա, որպեսզի մեզ համար սպառնալիք ստեղծվի, կամ ազատագրված տարածքներ վերադարձող մեր քաղաքացիների համար վտանգներ ի հայտ գան»,- ավելի վաղ ասել էր Ալիևը:
Այսինքն, 2021թ. հունվարի 28-ին Նիկոլ Փաշինյանի՝ ՊՆ վարչական համալիրում բարձրագույն սպայակազմին ուղղած խոսքը, թե՝ «պետք է կարողանանք ինքներս մեզ հարց տալ, թե ի՞նչն այնպես չենք արել այս ընթացքում, որպեսզի մեր երկրի ու բանակի դիմակայությունն ավելի բարձր մակարդակի լիներ», ընդամենը ձևական բնույթ էր կրում, հայտարարություն՝ հայտարարության համար:
Վերադառնալով Ալիևի հիշատակած կոմմանդոս ուժերին, հավելենք, որ ՀՀ-ում գրոհիչ խմբերի ստեղծման տեսլական և անգամ փորձեր արվել են, ինչը Փաշինյանի օրոք ոչ մի զարգացում չի ունեցել:
Այսինքն, նախկինում սովոր ենք եղել փոքր ուժերով մեծ խնդիրներ լուծել, այդ թվում՝ գրոհիչ խմբերի ստեղծման տարբերակով, ինչի փորձ Օնիկ Գասպարյանն արել է, երբ ՀՀ ԶՈւ 3-րդ բանակային կորպուսի հրամանատարն էր:
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը գրոհային ստորաբաժանումներ ունենալու և զարգացնելու տեսլական է ունեցել:
Թե որքանով Տոնոյանի՝ գրոհային ստորաբաժանումներ ունենալու տեսլականը գործնականում ի կատար ածվեց, 168.am-ը գրել էր, որ իրեն տրամադրված տեղեկությամբ, պաշտպանության նախկին նախարարին հաջողվել է 4 նմանատիպ ստորաբաժանում ունենալ, և, որ այդ ժամանակ ԳՇ-ն՝ ի դեմս այդ ժամանակվա պետ Արտակ Դավթյանի, դրան դեմ է եղել:
Այսինքն՝ դրանց կառուցվածքը, գործառույթները, մարտավարությունը, մարտական պատրաստությունը, սպառազինությունը, տեխնիկան, համալրումն արվել է գրոհային սկզբունքով, բայց ոչ լիարժեք, այսպես ասած, կիսատ-պռատ, քանի որ ԳՇ-ն փորձել է դրանցից սարքել սովորական հրաձգային գումարտակ:
Մեզ փոխանցված տեղեկություններով, ամենաորակյալ գրոհային ստորաբաժանումը հաջողվել է ստեղծել 3-րդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովին:
Վերադառնալով Ալիևի հարցազրույցին, կարելի է ասել, որ Ալիևն ինքը հաստատում է՝ եթե չլինի Նիկոլ Փաշինյանը, ՀՀ-ն կունենա այն բանակը, որին 30 տարի Ադրբեջանը երազել է հաղթել, բայց չի հաջողվել, ուստի ժամանակ չի կորցնում հզորացնել սեփական բանակը և վերականգնել կորուստները, ո՞վ գիտի՝ գուցե մեկ տարուց հետո Նիկոլ Փաշինյանը չլինի՞…
168.am