Հայ-թուրքական հանդիպումը Մոսկվայում դռնփակ է, ռուս դիվանագետներ ևս չեն մասնակցում
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը մտավ առարկայական փուլ։ Այսօր տեղական ժամանակով ժամը 11-ին Մոսկվայում՝ Ռուսաստանի արտգործնախարարության ընդունելությունների առանձնատանը, սկսվել է երկու երկրների հատուկ բանագնացների՝ Ռուբեն Ռուբինյանի ու Սերդար Քըլըչի հանդիպումը, ավելի ճիշտ՝ նրանց ղեկավարած պատվիրակությունների հանդիպումը։ Թե ովքեր են պատվիրակությունների կազմում՝ դեռ չի հաղորդվել, բանակցություններն անցնում են փակ ռեժիմով։
Նախօրեին Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակ Մարիա Զախարովան հայտարարել էր, որ ռուս դիվանագետներն այս հանդիպմանը չեն մասնակցելու, միաժամանակ ընդգծել, որ Մոսկվան կողմ է հարաբերությունների կարգավորմանը։
Այսօր այդ մասին խոսել է նաև արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ ջանքերն օգնում են պայմաններ ստեղծել, որպեսզի դեռևս չլուծված քաղաքական խնդիրները կարգավորվեն շատ ավելի ակտիվ ու արդյունավետ։ Այդ թվում՝ Հարավային Կովկասի երեք երկրների և նրանց երեք հարևանների՝ Թուրքիայի, Ռուսաստանի ու Իրանի միջև տնտեսական ու այլ համագործակցության զարգացման միջոցով», - ասել է Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը։
Գործընթացը սատարելու մասին ավելի վաղ հայտարարել էին նաև Վաշինգտոնն ու Բրյուսելը։ «Հարաբերությունների կարգավորումն ու հաղորդակցության միջոցների բացումը կարևոր նպատակ է, որին Եվրամիությունը լիովին աջակցում է», - այսօր Թվիթերում գրել է Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը։
Հայկական կողմը բանակցությունների մեկնարկին՝ երեկ, վերստին հայտարարեց, թե պատրաստ է կարգավորել Թուրքիայի հետ կապերը առանց նախապայմանների։ «Ակնկալում ենք, որ երկխոսության արդյունքում Հայաստանի և Թուրքիայի միջև կհաստատվեն դիվանագիտական հարաբերություններ և կբացվի հայ-թուրքական սահմանը», - երեկ ասել էր Արտգործնախարարության խոսնակը, հավելելով՝ հայկական կողմում տպավորություն ունեն, որ Անկարան ևս համաձայն է բանակցել առանց նախապայմանների։
Թեև հրապարակավ որևէ նախապայման չի դրվել, սակայն թուրքական կողմը պարբերաբար հարցը շաղկապում է հայ-ադրբեջանական հարաբերությունների հետ, երեկ նախագահ Ռեջեփ Էրդողանը Եվրամիության դեսպանների հետ հանդիպմանը վերստին պնդել էր, թե «որպեսզի ձեռնարկվող քայլերն արդյունք տան, Հայաստանը պետք է օգտագործի տարածաշրջանային խաղաղության հնարավորությունը»։ «Այս առումով կարևոր է, որ Հայաստանը դրական հարաբերություններ հաստատի Ադրբեջանի հետ», - ասել էր Էրդողանը՝ առանց հստակեցնելու՝ արդյոք Անկարան ետ կկանգնի գործընթացից, եթե հայ-ադրբեջանական հարաբերությունները մտնեն փակուղի։
Սա փաստացի հարաբերությունների կարգավորման արդեն չորրորդն փորձն է Հայաստանի նորանկախ պատմության մեջ։ Չնայած 1991-ին Թուրքիան պաշտոնապես ճանաչել է Հայաստանի Հանրապետությունը, սակայն երկկողմ դիվանագիտական հարաբերություններ այդպես էլ չեն ձևավորվել: Այդ տարիներին Հայաստանի նախագահին հղած ուղերձում Թուրքիայի վարչապետ Սուլեյման Դեմիրելն ընդգծել էր՝ Անկարան պատրաստ է Երևանի հետ զարգացնել փոխադարձ բարեկամական հարաբերություններ ԵԱՀԿ սկզբունքների՝ պետությունների տարածքային ամբողջականությունը և սահմանների անխախտելիությունը ճանաչելու համաձայն։ Ավելի ուշ՝ 1993-ին, Թուրքիան փակեց Հայաստանի հետ սահմանը՝ ի նշան Ադրբեջանի հետ համերաշխության։ Հաշտեցման վերջին՝ կրկին անհաջող փորձը ձեռնարկել էր Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ «ֆուտբոլային դիվանագիտությամբ»։ 2009-ին կողմերն անգամ Ցյուրիխում հարաբերությունների կարգավորման արձանագրություններ ստորագրեցին, սակայն դրանք այդպես էլ մնացին թղթի վրա, և գործընթացը կրկին հայտնվեց փակուղում։
Թե ինչ հարցեր են այսօրվա հանդիպման օրակարգում՝ կողմերը չեն մանրամասնել, Հայաստանի արտգործնախարարությունը միայն հայտնել է, որ հանդիպումը ճանաչողական բնույթ է կրելու։
«Ազատության» աղբյուրի համաձայն՝ Ռուբեն Ռուբինյանը գլխավորած պատվիրակությունը Երևան է վերադառնալու վաղը։
Ի դեպ, բանակցությունները Մոսկվայում անցկացնելու առաջարկը ներկայացրել էր հայկական կողմը։ Համաձայնելով այդ տարբերակին՝ Թուրքիայի արտգործնախարարը միաժամանակ ընդգծել էր՝ Անկարան նախընտրում է, որ այդուհետ կողմերն ուղիղ կապ հաստատեն։ «Քանի որ Ռուսաստանը ջանքեր է գործադրում այս գործընթացում, մենք էլ դրական արձագանքեցինք հանդիպումը Մոսկվայում անցկացնելու առաջարկին: Սակայն այս հանդիպումները ոչ թե պետք է մշտապես երրորդ երկրների միջնորդությամբ անցկացվեն, այլ բանագնացները պետք է մշտական ուղիղ կապի մեջ լինեն, և հաջորդիվ հանդիպումները կարող են կայանալ նաև Հայաստանում և Թուրքիայում», - շաբաթներ առաջ ասել էր Մևլութ Չավուշօղլուն:
Azatutyun.am