Գերմանիայի առողջապահության նախարարը կորոնավիրուսի դեմ պարտադիր պատվաստելու կողմնակից է
Գերմանիայի առողջապահության նախարար, պրոֆեսոր Կարլ Լաութերբախի համոզմամբ, կորոնավիրուսին վերջ տալու ամենահուսալի ճանապարհը բնակչության պարտադիր պատվաստումն է:
Ելույթ ունենալով Բունդեսթագում, Լաութերբախն ասել է, որ աշխարհը թևակոխել է համավարակի երրորդ տարին:
«Այս տարին պետք է որոշվի՝ կդառնա՞ վիրուսն էնդեմիկ և ավելի քիչ վիշտ ու մահ կտարածի, թե՞ կշարունակի մնալ պանդեմիկ»,- ասել է նախարարը:
Նա խորհրդարանում հայտարարել է, որ ցանկանում է միանշանակ կրկնել իր դիրքորոշումը համավարակի և պատվաստումների հարցում:
«Ես բոլոր չափահասների պարտադիր պատվաստման կողմնակից եմ առանց «եթե»-ների և «բայց»-երի», ես կողմ են, որ պարտադիր պատվաստվեն 18-ը լրացած բոլոր բնակիչները, այլապես նորից կհայտնվենք տհաճ իրավիճակներում, չեմ կարծում, որ «օմիկրոնը» վիրուսի վերջին տեսակը լինի, դա հնարավոր չէ»,- ասել է նախարարը:
Լաութեբախի խոսքով, այսօր Գերմանիայում անհրաժեշտ է առաջին հերթին տարեցներին և խոցելի խմբերին տրամադրել վակցինայի երրորդ՝ խթանիչ դեղաչափը:
Azatutyun.am