Բրիտանացի պատգամավորը ՀՀ-ին վերաբերող նախաձեռնություններում ներգրավվելու պատրաստակամություն է հայտնել
Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպան Վարուժան Ներսեսյանը տեսազրույց է ունեցել բրիտանական խորհրդարանում ՄԹ-ՀՀ բարեկամական խմբի անդամ, Լեյբորիստական կուսակցության ազգությամբ քուրդ պատգամավոր Ֆերիլ Քլարկի հետ։ Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպանությունը տեղեկացնում է, որ, շնորհավորելով դեսպանին նշանակման կապակցությամբ, Ֆերիլ Քլարկը վստահություն է հայտնել, որ նրա նշանակմամբ երկկողմ հարաբերությունները, այդ թվում՝ պառլամենտական մակարդակով, զգալիորեն կաշխուժանան։
Դեսպան Ներսեսյանը, իր հերթին, շնորհակալություն է հայտնել Ֆերիլ Քլարկին այս ողջ ժամանակահատվածում հայանպաստ նախաձեռնություններին աջակցելու համար։ Դեսպանը նշել է, որ ակտիվ աշխատանքներ է տանելու մի շարք ուղղություններով եւ այդ տեսանկյունից անգնահատելի է լինելու ՄԹ խորհրդարանում մեր բարեկամների օժանդակությունը։
Նշելով, որ իրեն համարում է Հայաստանի և հայ ժողովրդի բարեկամ, Ֆերիլ Քլարկն ասել է, որ պատրաստ է հնարավորինս ներգրավված լինել Հայաստանին վերաբերող տարբեր նախաձեռնություններում:
Lragir.am