Ջեն Սաքի. «Ռուսաստանը պատրվակ է որոնում Ուկրաինա ներխուժելու համար»
Պենտագոնի խոսնակը երկրորդել է Սպիտակ տան պաշտոնակցին:
Սպիտակ տան խոսնակ Ջեն Սաքին երեկ ասել է, թե ըստ ամերիկյան հետախուզական կառույցների հայթայթած տվյալների, Ռուսաստանի հատուկ ծառայությունների գործակալները նախապատրաստում են սադրիչ գործողություններ, որոնք հետագայում հնարավոր կլինի օգտագործել որպես Ուկրաինայի վրա հարձակվելու պատրվակ:
«Այդ ծրագրով, որը ներառում է սադրանքներ և ապատեղեկատվության տարածում, ռուսական կողմը կարող է Ուկրաինային մեղադրել արևելյան շրջանում ռուսամետ անջատականներին սպառնալու համար և վտանգն, իբր, կանխելու նպատակով լայնածավալ ներխուժում կատարել Ուկրաինա»,- ասել է Սաքին:
Նրա փոխանցմամբ, սադրիչ գործողություններին կարող են մասնակցել Ռուսաստանում հատուկ վարժանքների մասնակցած մարդիկ, ովքեր պատրաստ են քաղաքային պայմաններում պայթուցիկներ կիրառել և դիվերսիաներ իրականացնել Դոնբասի ռուսամետ անջատականների դեմ:
Ավելի ուշ Պենտագոնի խոսնակ Ջոն Քիրբին հաստատել է, որ պաշտպանության նախարարությունն էլ ունի ռուսների կողմից Ուկրաինայում սադրանքներ նախապատրաստելու մասին տեղեկություններ:
«Չեմ կարող հիմա ամբողջությամբ բաց ասել ամեն ինչ, բայց կա իրողություն, որը նախկինում էլ եղել է, երբ գոյություն չունի իրական ճգնաժամ, ռուսներն իրենց շահերից ելնելով կարող են ճգնաժամ հորինել», - ասել է Քիրբին:
Azatutyun.am