«Հայ-թուրքական առաջին հանդիպումն ընդհանուր առմամբ ապաքաղաքական է եղել»,- այս մասին 168․am-ի հետ զրույցում ասաց թուրք վերլուծաբան Ջենգիզ Աքթարը՝ անդրադառնալով հայ-թուրքական երկխոսությանը։

Հիշեցնենք, որ հայ և թուրք բանագնացներ Ռուբեն Ռուբինյանի և Սերդար Քըլըչի առաջին հանդիպումը տեղի ունեցավ հունվարի 14-ին, Մոկսվայում՝ ՌԴ ԱԳՆ Ընդունելությունների տանը, այն տևել է 1.5 ժամ, որի արդյունքներով Հայաստանի և Թուրքիայի ԱԳ նախարարությունները տարածեցին միևնույն տեքստը, որ հանդիպումն անցել է դրական ու կառուցողական մթնոլորտում, կողմերը համաձայնել են շարունակել լիարժեք կարգավորմանն ուղղված բանակցությունները՝ առանց նախապայմանների։

Ջենգիզ Աքթարի կարծիքով՝ Թուրքիան, իհարկե, չի կարող Երևանի հետ հարաբերվել առանց նախապայմանների, և դրանք անընդհատ թարմացվում են հայտարարությունների տեսքով։

Պատճառներից գլխավորն էլ, ըստ նրա, Ադրբեջանի իշխանությունների այդ պահանջն է, որը Թուրքիան մերժել չի կարող։

Նա ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ թուրքական թե՛ քաղաքական, թե՛ փորձագիտական բոլոր հայտարարություններում նշվում է, որ Հայաստանը պետք է լուծի իր խնդիրներն Ադրբեջանի հետ, որպես պահանջ, և նույնիսկ ոչ բոլոր հայտարարություններում է խոսվում պատմության ու այլ խնդիրների մասին, այն խնդիրների, որոնք անմիջականորեն Թուրքիային են վերաբերում։

Նա նաև անսպասելի է համարում այն, որ հաջողվել է «առանց նախապայմանների» ձևակերպումը մտցնել պաշտոնական հաղորդագրություններ։

Ջենգիզ Աքթարի գնահատմամբ, սա ուշադրության արժանի հանգամանք է, ինչը ցույց է տալիս, որ կողմերը դրական տրամադրվածությամբ են սկսել գործընթացը։ Սակայն դա, Աքթարի բնորոշմամբ, ոչինչ չի նշանակում, քանի որ Էրդողանը չունի արտաքին քաղաքականություն, չունի ճիշտ հարաբերություններ գոնե մեկ երկրի հետ։

«ՌԴ ԱԳՆ հաղորդագրությունը բավականին ուշագրավ տեղեկատվություն էր պարունակում հանդիպման բովանդակության վերաբերյալ։ Ակնհայտ դարձավ, որ քաղաքական լուրջ հարցեր չեն քննարկվել, ամենաբարդ հարցերը թողնվել են հետոյին, ներկայումս կենտրոնանալով առավելապես ժամանակի, ծանոթության, վստահության մեխանիզմների վրա, պայմանավորվել են չքաղաքականացնել։

Սա՝ բուն հանդիպման գործընթացի մասով։ Սակայն չպետք է մոռանալ, որ գործընթացի ետևում էրդողանական Թուրքիան է, Ադրբեջանը, որն անընդհատ փորձում է կապել իր խնդիրները հայ-թուրքական օրակարգին, և ներկայումս ադրբեջանական կողմը որոշ ուղղություններով աշխատանքի դինամիկայից գոհ չէ։ Ուստի փորձելու է այս հարթակը ևս օգտագործել՝ իր խնդիրներն անընդհատ օրակարգային հարցեր դարձնելու և բուն հայ-թուրքական օրակարգը փոխելու համար։

Մոսկվան ևս իր խնդիրներն ունի, սակայն ժամանակի ընթացքում Մոսկվայի ազդեցությունը գուցե վերանա այս գործընթացից։ Որպես ամփոփում՝ ասեմ, որ այս գործընթացում չափազանց մեծ է լինելու ազդեցությունը տարածաշրջանային ու ավելի լայն աշխարհաքաղաքական գործընթացներից, որոնք այսօր ընթանում են աշխարհում։

Հայ-թուրքական գործընթացն այսօր միայն Հայաստանի ու Թուրքիայի խնդիրը չէ, այն վերաբերում է թե՛ Ադրբեջանին, թե՛ Ռուսաստանին, թե՛ բոլոր այլ կենտրոններին։ Եվ բացի այդ, Էրդողանի իշխանությունը վստահաբար ունակ չէ դիվանագիտական գործընթաց վարել»,- ասաց վերլուծաբանը։

168.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն