Թուրքիայի նախագահ Էրդողանի և ԱԶԿ-ի վարկանիշները շարունակում են աննախադեպ անկումը
Թուրքիայում վերջին շրջանում իրականացվող սոցհարցումները ցույց են տալիս, որ երկրում ստեղծված տնտեսական դժվարությունների ֆոնին նախագահ Էրդողանի, ինչպես նաև իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ) վարկանիշները շարունակում են անկում ապրել: Այս մասին հայտնում է թուրքական artigercek.com-ը:
Թուրքիայում գործող «Metropoll Araştırma» սոցիոլոգիական կազմակերպության հարցումների համաձայն՝ հարցվածների 36,7 տոկոսն ասել է, որ ընդդիմությունը կարող է ավելի լավ կառավարել տնտեսությունը, իսկ 35,4 տոկոսը նշել է, որ ավելի լավ կարող են կառավարել իշխող կուսակցությունները։
Հարցումները ցույց են տալիս, որ Էրդողանին ցուցաբերվող աջակցությունը 2015 թվականից հետո ներկայումս ամենացածր մակարդակի վրա է, և նրա աջակցության ցուցանիշը զիջում է նախագահի մյուս երեք հնարավոր մրցակիցների ցուցանիշներին։
Էրդողանը 2018-ի ընտրություններում ստացել է ձայների ավելի քան 52 տոկոսը, իսկ Metropoll-ի վերջին հարցման արդյունքում նրան աջակցությունը կազմել է մոտ 39 տոկոս:
Մեկ այլ հարցման ժամանակ Էրդողանի վարկանիշը կազմել է գրեթե 38 տոկոս՝ հետ մնալով նախագահի երեք հավանական թեկնածուների ցուցանիշներից:
Հարցման համաձայն՝ Անկարայի քաղաքապետ Մանսուր Յավաշին աջակցությունը կազմել է 60 տոկոս, Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուինը՝ 51 տոկոս աջակցություն, իսկ երրորդ տեղում «Լավ» կուսակցության առաջնորդ Մերալ Աքշեներինը՝ 38,5 տոկոս։
168.am