ՌԴ-ի հետագա ագրեսիան Ուկրաինայի դեմ կունենա արագ, լուրջ և համակարգված հետևանքներ. Բլինկեն
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը հեռախոսազրույց է ունեցել Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հետ։ Խոսակցությունը վերաբերում էր Ուկրաինայի մերձակայքում ռուսական զորքերի կուտակմանը։ Այս մասին հայտնում է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայությունը։
«Պետքարտուղարը և Գերագույն ներկայացուցիչը քննարկել են ՆԱՏՕ-ի դաշնակիցների և եվրոպացի գործընկերների հետ սերտ համակարգումը՝ ի պատասխան Ռուսաստանի շարունակական, խորապես մտահոգիչ ռազմական կուտակումների Ուկրաինայում և նրա շրջակայքում», - ասվում է հայտարարության մեջ:
Բլինկենը կրկնել է, որ Ռուսաստանի հետագա ագրեսիան Ուկրաինայի դեմ կունենա արագ, լուրջ և համակարգված հետևանքներ։
Վերջերս Արևմուտքում և Ուկրաինայում ավելի ու ավելի շատ հայտարարություններ են հնչում Ռուսաստանի՝ իբր ուկրաինական տարածք հնարավոր «ներխուժման» մասին։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նման տեղեկությունները դատարկ և անհիմն լարվածության սրացում է անվանել՝ ընդգծելով, որ Ռուսաստանը ոչ մեկի համար վտանգ չի ներկայացնում։ Միաժամանակ նա չի բացառել նման հայտարարություններն արդարացնելու համար սադրանքների հնարավորությունը, և զգուշացրել է, որ Ուկրաինայի հարավ-արևելքում խնդիրը ուժային ճանապարհով լուծելու փորձերը կունենան ամենալուրջ հետևանքները։
Tert.am