ՌԴ–ի դեմ ԱՄՆ–ի նոր պատժամիջոցները կարող են հանգեցնել հարաբերությունների խզման. Պեսկով
Ռուսաստանի դեմ ԱՄՆ-ում առաջարկվող նոր պատժամիջոցները, որոնք ներառում են նաև սահմանափակող միջոցներ Ռուսաստանի ղեկավարության անդամների նկատմամբ, կարող են հանգեցնել երկրների միջև հարաբերությունների խզմանը: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը CNN հեռուստաալիքին տված հարցազրույցում։
«Նման կարգի հնարավոր պատժամիջոցները կարող են հանգեցնել մեր երկրների միջև հարաբերությունների դադարեցմանը, ինչը չի բխում ո՛չ Մոսկվայի, ո՛չ Վաշինգտոնի շահերից», – ասել է Պեսկովը:
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղարը նշել է, որ նոր սահմանափակող միջոցների սահմանումը Վաշինգտոնի կողմից «մեծ սխալ» կլինի:
Այդ կապակցությամբ Պեսկովը պաշտոնական Վաշինգտոնի ներկայացուցիչներին հարց է ուղղել՝ արդյո՞ք նրանք կարող են «հիշել իրավիճակի թեկուզ մի օրինակ, երբ պատժամիջոցներն օգնել են լուծել իրենց խնդիրը»։
Հիշեցնենք, որ իշխող Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ սենատորները օրինագիծ են ներկայացրել, որով նախատեսվում է Ուկրաինայի շուրջ իրավիճակի սրման դեպքում պատժամիջոցներ սահմանել ռուսական տնտեսության առանցքային ճյուղերի, պետական պարտքի և պետության առաջին դեմքերի դեմ:
168.am