Այս շաբաթ ԱԺ-ն չի կարող ՄԻՊ ընտրել. Ի՞նչ է մտածել ՔՊ-ն
Այսօր մեկնարկած Ազգային ժողովի քառօրյա նիստերի օրակարգի վերջին հարցը ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի (ՄԻՊ) ընտրությունն է:
Բացի ՄԻՊ-ից, ԱԺ-ն կընտրի նաև Կենտրոնական բանկի նախագահի տեղակալի և ՀՌՀ երկու անդամների:
Սա նշանակում է, որ ՀՀ հաջորդ ՄԻՊ-ը կընտրվի առնվազն մինչև շաբաթվա վերջ, այսինքն՝ գործող Պաշտպանի՝ Արման Թաթոյանի լիազորությունների ավարտից ուղիղ մեկ ամիս առաջ: Վերջինիս լիազորություններն ավարտվում են փետրվարի 23-ին:
Խնդիրն այն է, սակայն, որ ԱԺ-ն չի կարող ՄԻՊ ընտրել. Սահմանադրությունը թույլ չի տալիս դա հիմա անել:
Բանն այն է, որ ի թիվս այլ կարգավորումների, օրենսդրական երաշխիքների ու ՄԻՊ լիազորությունների, պարտականությունների ու իրավունքների արձանագրման, Սահմանադրությունը հստակորեն նախանշում է նաև Մարդու իրավունքների պաշտպանի, ընտրության, երդման ու լիազորությունների ստանձնման կարգը:
ՀՀ Սահմանադրության 3-րդ գլխի 12-րդ հոդվածը հենց դրա մասին է:
«Պաշտպանն իր պաշտոնը ստանձնում է Ազգային ժողովի կողմից ընտրվելուց անմիջապես հետո Ազգային ժողովում պատգամավորների ներկայությամբ տված հետևյալ երդմամբ. «Ստանձնելով մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնը՝ երդվում եմ, հավատարիմ լինելով Սահմանադրությանն ու օրենքներին, արդարության սկզբունքներին՝ պաշտպանել մարդու և քաղաքացու իրավունքներն ու ազատությունները: Երդվում եմ, որ լիազորություններս կկատարեմ անաչառ, առավելագույն բարեխղճությամբ և ջանասիրությամբ»:
Պաշտպանն իր պարտականությունների կատարմանն անցնում է Ազգային ժողովում իր երդման արարողությունից հետո՝ նախորդ Պաշտպանի պաշտոնավարման ժամկետի ավարտման հաջորդ օրը: Եթե Պաշտպանի ընտրվելու պահին Պաշտպանի պաշտոնը թափուր է, ապա Պաշտպանն իր պարտականությունների կատարմանն անցնում է Ազգային ժողովում երդման արարողությանը հաջորդող օրվանից»,- ասում է ՀՀ Սահմանադրության համապատասխան հոդվածը:
Սա նշանակում է, որ ԱԺ-ի կողմից ընտրված ՄԻՊ-ը պատգամավորների ներկայությամբ պիտի երդվի ընտրվելուց անմիջապես հետո, իսկ իր պարտականությունների կատարմանն անցնում է ԱԺ-ում իր երդման արարողությունից հետո, ինչն էլ իր հերթին կարող է տեղի ունենալ միայն նախորդ Պաշտպանի պաշտոնավարման ժամկետի ավարտման հաջորդ օրը:
Դժվար է հավատալ, որ ԱԺ ՔՊ-ական իրավաբանները Սահմանադրության այս դրույթին ծանոթ չեն կամ գոնե մի անգամ չեն կարդացել ԱԺ քառօրյայի օրակարգը ձևավորելուց առաջ:
Ըստ ամենայնի, բարդ բան չէր Արման Թաթոյանի պաշտոնավարման ավարտի հաջորդ օրը հրավիրել ԱԺ արտահերթ նիստ ու կատարել վերը բերված բոլոր գործողությունները:
Մնում է միայն հասկանալ, թե ինչ է մտածել իշխող ուժը՝ հերթական անգամ Սահմանադրության խախտմանը գնալով:
Ուզեն թե չուզեն, Արման Թաթոյանը ՄԻՊ է մինչև փետրվարի 23-ը, իսկ թե ափալ-թափալ Մայր օրենքի խախտմամբ այս կինոն ում և ինչի համար է բեմադրվում, կհասկանանք շուտով:
168.am