14․01․2022 թվականին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը հայտարարություն էր տարածել, որ 2021 թվականի դեկտեմբերի 23-ին հրապարակվել են բնական գազի մատակարարման ջերմատվության հետ կապված միջպետական պայմանագրի փոփոխությունը և ամբողջական տեղեկատվությունը։ Իրականում նախարարությունն ուղղակի ստում է, քանի որ ՀՀ կառավարության նիստի օրակարգի 7-րդ կետի փաթեթում (https://www.e-gov.am/sessions/archive/2021/12/23/) չկա որևէ տեղեկատվություն, որ 2022 թ. ապրիլի 1-ից Հայաստանի Հանրապետություն առաքվող բնական գազի փաստացի գինը սահմանվում է հավասար 165 ԱՄՆ դոլար հազար խորանարդ մետրի դիմաց՝ 7900 կկալ/խմ ստորին ջերմատվության պայմաններում և 177,53 ԱՄՆ դոլար հազար խորանարդ մետրի դիմաց՝ 8500 կկալ/խմ ստորին ջերմատվության պայմաններում։

Այս տեղեկատվությունը հանրությանը հայտնի է դարձել 12․01․2022 թվականին պաշտոնական հայտարարությունների azdarar.am հարթակում հրապարակված «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի կողմից բնական գազի սակագնի վերանայման դիմումից։ Ինչու՞ 29․10․2021 թվականին «Գազպրոմ Արմենիա»-յի կնքած պայմանագիրը նույն նախարարությունը չի ներկայացրել հանրությանը հոկտեմբեր, նոյեմբեր և դեկտեմբեր ամիսներին։

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և տարածքային կառավարման նախարարության անարդյունավետ աշխատանքի մասին է խոսում նաև այն փաստը, որ 2 տարի տևած գազային բանակցություններն ավարտվեցին և պայմանագիրը ստորագրվեց այն ժամանակ, երբ գազի գինը միջազգային բորսայում աննախադեպ բարձր էր։

ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյան

17․01․2022թ․

ՀԳ. Մենք օրեր առաջ մեր աղբյուրներից տեղեկություն էինք ստացել եւ փորձել էինք այն ճշտել Գազպրոմ Արմենիայից եւ ՀԾԿՀ-ից, սակայն մեր հարցադրումներին չէին պատասխանել:

Hraparak.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն