Արարատում դպրոցի 52-ամյա տնօրենը տղայի գերեզմանին ինքնասպանության փորձ է կատարել
Ոստիկանության Արտաշատի բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում հունվարի 13-ին Արարատի մարզի գյուղերից մեկի բնակչի կողմից ինքնասպանության փորձ կատարելու փաստով: Այս մասին գրում է Shamshyan.com-ը։
Այդ օրը՝ ժամը 11:40–ի սահմաններում «Արտաշատ» բժշկական կենտրոնից ոստիկանության Արտաշատի բաժին ահազանգ է ստացվել, որ «սուր էկզոգեն թունավորում քացախաթթվի էսենցիայով» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի: Հիվանդանոց է մեկնել օպերատիվ խումբը, որը պարզել է, որ տեղափոխվածը Արարատի մարզի գյուղերից մեկի բնակիչ, 52-ամյա կին է:
Պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 11:00-ի սահմաններում, նա իրենց գյուղում՝ իր որդու գերեզմանին, ինքնասպանություն գործելու նպատակով խմել է քացախաթթվի էսենցիա: Բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ նա ի վիճակի չէ բացատրություն տալու:
Կայքի տեղեկություններով՝ այդ կինը աշխատում է Արարատի մարզի դպրոցներից մեկում՝ որպես տնօրեն: Բժիշկները պայքարում են նրա կյանքի համար։
Shamshyan.com