Էրդողանը կրկին հայտարարել է, որ Թուրքիան դեմ է «Ղրիմի օկուպացմանը»
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն անդրադարձել է Ռուսաստանի կողմից Ուկրաինա ներխուժման հավանականությանը՝ դա անվանելով հեռու իրականությունից:
Ինչպես հայտնում է «Անադոլու» գործակալությունը, այս մասին նա հայտնել է լրագրողների հետ զրույցում, որոնք ուղեկցում էին նրան Ալբանիա կատարած այցի ժամանակ:
Թուրքիայի ղեկավարը տեղեկացրել է, որ մտադիր է Ուկրաինայում տիրող իրավիճակը քննարկել Ադրբեջանի նախագահի հետ, որն օրեր առաջ գտնվել է Կիևում:
Թուրքիայի նախագահն ընդգծել է, որ ժամանակակից աշխարհում օտար հողերն օկուպացնելու ձգտումը ցանկալի արդյունքի չի հանգեցնի: «Օրինակի համար, ինչ քայլեր է նախաձեռնել Ռուսաստանն Ուկրաինայում և Ղրիմում: Պուտինի հետ ամեն անգամ զրույցի ժամանակ ես հայտարարում եմ, որ Թուրքիան դեմ է Ղրիմի օկուպացմանը: Այդ դիրքորոշումը ՌԴ-ին փոխանցում է թուրքական ԱԳՆ-ն: Այսինքն, Թուրքիայի դիրքորոշումն այդ հարցով միանշանակ է»,- ասել է Էրդողանը:
Tert.am