Բլինկենը Կիև մեկնելուց մի քանի ժամ առաջ զրուցել է Լավրովի հետ
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը երեքշաբթի՝ Կիև մեկնելուց մի քանի ժամ առաջ, զրուցել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի հետ, հայտնում է Bloomberg-ը՝ հավելելով, որ Արևմուտքը շարունակում է լրջագույնս անհանգստանալ, որ ՌԴ-ն կարող է հարձակվել Ուկրաինայի վրա:
«Պետքարտուղարն ընդգծել է Ուկրաինայում և նրա մերձակայքում ռուսական ռազմական կուտակման հետ կապված խորապես անհանգստացնող լարվածության թուլացման դիվանագիտական ճանապարհի շարունակման կարևորությունը: Պետքարտուղարը վերահաստատել է ԱՄՆ-ի անսասան հավատարմությունը Ուկրաինայի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը», - ասվում է Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսի հայտարարության մեջ:
Լավրովի հետ հեռախոսազրույցը տեղի է ունեցել Բլինկենի՝ Կիև այցից առաջ: Նախատեսված են հանդիպումներ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու և արտգործնախարար Դմիտրի Կուլեբայի հետ:
Tert.am