Հայ-թուրքական սահմանի բացման համար դեռ ժամանակ կպահանջվի․ թուրք քաղաքագետ
Հայաստանի եւ Թուրքիայի ԱԳ նախարարությունները այդ երկրների հատուկ բանագնացների՝ անցյալ շաբաթ Մոսկվայում տեղի ունեցած հանդիպումից հետո հրապարակած հայտարարություններում դրական են գնահատել տեղի ունեցած բանակցությունները եւ պայմանավորվել են շարունակել շփումներն առանց նախապայմանների։ Հայտարարություններում նաեւ նշվում է, որ բանակցություններն ընթացել են դրական եւ կառուցողական մթնոլորտում, սակայն թուրքական փորձագիտական հանրույթում կարծում են, որ գործընթացը դեռ շարունակում է մնալ փխրուն եւ այն բանի համար, որպեսզի Հայաստանի եւ Թուրքիայի հարաբերությունները նորմալանան՝ հարկավոր է ռեգիոնալ հարեւանների աջակցությունն ու գործընթացի մանրակրկիտ կոորդինացիան։
Այն, որ հանդիպումից հետո երկու ԱԳ նախարարությունները նմանատիպ հայտարարություններ են տարածել, Հարավային Կովկասի հարցերով փորձագետ Նիգյար Գյոքսելը համարում է առաջին դրական քայլը, թեեւ դեռ քիչ է կոնկրետիկան։ Նա հայտարարել է, որ «այժմ, երբ արդեն կա ուղիղ կապ, նվազում է ռիսկը, որ հանրային հայտարարությունները կարող են սխալ մեկնաբանվել։
Գյոքսելը կարեւոր է համարել այն, որ երկու կողմերն էլ ունեն հետաքրքրվածություն հարաբերությունների նորմալացման հարցում եւ մատնանշել է այն, որ «հարաբերությունների կարգավորումը կբացի ճանապարհ ռեգիոնալ ինտեգրացիայի համար, իսկ տրանսպորտային հաղորդակցությունը, ինչպես եւ սպասում է, կբերի տնտեսական դիվիդենտներ եւ մեծ կայունություն»։
Թուրքիայում կարծում են, որ հարաբերությունների նորմալացումն ամենայն հավանականությամբ կլինի քայլ առ քայլ ամրապնդելով վստահության մթնոլորտը Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ, ինչպես նաեւ ապահովելով այդ գործընթացի հանդեպ մյուս բոլոր հարեւանների դրական վերաբերմունքը։ Սահմանի բացման հարցում իհարկե դեռ որոշակի ժամանակ կպահանջվի, սակայն սպասելի է, որ բանակցությունները շարունակվեն ոչ թե երրորդ երկրներում, այլ Երեւանում եւ Անկարայում։
Անդրադառնալով հայ-թուրքական բանակցությունների անռչությամբ ունեցած Ադրբեջանի դիրքորոշմանը, Գյոքսելը ասել է, որ «Բաքվում հանրային հայտարարություններում աջակցում է այս գործընթացին եւ դա կարեւոր է թուրք հասարակության համար»։
Նիգրյար Գյոքսելը խոսել է նաեւ հայ-ադրբեջանական կարգավորման մասին, նկատել, որ հատկապես Նախիջեւանի հետ Ադրբեջանի հիմնական տարածքի, Հայաստանի տարածքով կապի ապահովումը կարեւոր է Ադրբեջանի եւ Թուրքիայի համար։ Սակայն, քանի որ հայ-ադրբեջանական խաղաղությունը դեռ փխրուն վիճակում է, ապա հնարավոր էսկալացիան այս ճակատում կարող է ստվերել հայ-թուրքական բանակցությունները։
Hraparak.am