Իլհամ Ալիեւը վաղուց արդեն հրապարակայնորեն չի ծաղրում ու ստորացնում իր հայ պաշտոնակցին, բայց ենթադրվում է՝ դեկտեմբերյան երեք հանդիպումների ընթացքում, հավանաբար նաեւ օպերատիվ կապի միջոցով, շարադրում է իր պահանջները հայկական կողմին, օրինակ՝ ձերբակալել ադրբեջանցիների կրակոցներին առանց հրամանի պատասխանած հայ զինծառայողներին։ Պարզվում է՝ վատից վատթարը կա։ Եթե նախկինում Ալիեւը հրապարակավ ծաղրում էր Փաշինյանին ու հոխորտում մեզ վրա, ինչն անպատասխան էր մնում, այսօր գերադասում է պաշտպանել իր հայ պաշտոնակցին ներքին հարձակումներից, նախեւառաջ՝ «նախկիններից»։ Թերեւս այդ լռելյայն համաձայնությունն էր պատճառը, որ Փաշինյանն այդպես էլ չէր արձագանքում իր կառուցողական գործընկերոջը՝ հավանաբար վախենալով, որ այդ դեպքում Ալիեւը կասի՝ «այսքան բանից հետո դու դեռ խոսո՞ւմ ես»։

Պարտությունից հետո էլ իշխանության ձեռագիրը շարունակում է մնալ անգրագիտության եւ անփութության միախառնում՝ պաշտպանական ոլորտում արվող անհամաչափ եւ անտրամաբանական փոփոխություններով։ Պարտված ղեկավարը ոչ միայն անկարող է բանակցություններ վարելու, այլեւ տոտալ անտարբերության է մատնել անվտանգության եւ պաշտպանության ոլորտը, սահմանային իրավիճակը, մենակ է թողել դիրքապահ զինվորին ու սահմանապահ համայնքի բնակչին։ Տպավորությունն այն է, որ անգամ ամենաանպատրաստ անցումային կառավարությունը շատ ավելին կաներ այս ոլորտում, քան ներկայիս վարչախումբը։

Կառավարման համակարգը, պետական ինստիտուտները շարունակում են գործել իներցիոն ռեժիմով՝ առանց կանոնադրական գործառույթների արդյունավետ կատարման, եւ այդ ֆոնին առավել քան մարգարեական է հնչում 2018-ի ապրիլի 22-ին Նիկոլ Փաշինյանի խոսքը՝ ուղղված Սերժ Սարգսյանին, սակայն այս դեպքում՝ իր իսկ հասցեին. «Դուք չեք պատկերացնում հանրապետությունում իրավիճակը»։

Ռեյ Բրեդբերին իր «Մարսյան քրոնիկոն» վեպում նավապետ Ուայլդերի շուրթերով թերեւս հենց Փաշինյանին բնորոշ ինքնախաբեության մասին է գրում. «Զզվելի է. իբր իրավացի ես զգում քեզ, այնինչ իրականում ամենեւին էլ վստահ չես իրավացիությանդ։ Ովքե՞ր ենք մենք ի վերջո։ Մեծամասնությո՞ւն։ Սա՞ է պատասխանը։ Մեծամասնությունն էլ միշտ անսխալական է, չէ՞։ Միշտ, միշտ, եւ մի փոքրիկ, աննշան, չնչին վայրկյան անգամ չի կարող սխալվել, չէ՞։ Իսկ ի՞նչ ասել է մեծամասնություն, եւ ովքե՞ր են մտնում դրա մեջ։ Ի՞նչ են մտմտում եւ ո՞նց են էդ ուղին բռնել եւ կփոխվե՞ն երբեւէ, եւ ո՞ր ցավս էր մնացել, որ ես էլ եմ հայտնվել էս փտած մեծամասնության մեջ։ Մի հոգին կարո՞ղ է իրավացի լինել, երբ ամբողջ աշխարհը կարծում է, թե ինքն է իրավացի»։

Վաղ թե ուշ՝ ինքնախարազանման այս գործընթացով անցնելու են Փաշինյանը, նրա կառավարության եւ Անվտանգության խորհրդի անդամները, ՔՊ-ական պատգամավորները, նույնիսկ իշխանասեր մարդ-կուսակցությունները, որոնք իրավիճակի հանգուցալուծմանը նպաստելու անվան տակ քծնանքի բաց առաջնության են դուրս եկել։ ԲՀԿ-ից ու ԼՀԿ-ից մինչեւ արտախորհրդարանական ուժերի հավաքների ամենամսյա «բաժանորդներ»՝ կուսակցություններ, որոնք պատերազմից հետո վարչապետի հրաժարականն էին պահանջում, նրան բազմաթիվ մեղադրանքներ էին ներկայացնում, համարում էին պարտության խորհրդանիշ, պահանջում անցումային վարչապետի ընտրություն, իսկ այսօր Փաշինյանին գործընկեր եւ համախոհ են։

Եթե որեւէ քաղաքական ուժ ուզում է կենսունակ մնալ, ընտրազանգված ունենալ եւ հանրությունից քվե հայցել, չպետք է խուսափի սեփական սխալների հետ առերեսումից եւ գործուն զղջումից։ Քանի դեռ իշխանության սազանդարները չեն վերահաստատել, որ Փաշինյանը ձախողել է իշխանության իր փայաբաժինը, չեն խոստովանել, որ հենց նա է իր սխալներով մեր երկիրը ներքաշել արկածախնդրության եւ պատերազմի մեջ, այդ ուժերի հետ անհնար է հույս կապել եւ նրանց քվե վստահել։

Դավիթ Սարգսյան

Hraparak.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն