Ռուսական զորքերի ցանկացած տեղաշարժ ուկրաինական սահմանով ԱՄՆ-ն կդիտարկի որպես ՌԴ-ի «նոր ներխուժում» Ուկրաինա: «Կոմերսանտ»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Սպիտակ տան խոսնակ Ջեն Փսակին՝ նախագահ Ջո Բայդենի ասուլիսի ավարտին:

«Նախագահ Բայդենը պարզ հասկացրել է Ռուսաստանի նախագահին. եթե որևէ ռուսական զինված ուժեր հատեն Ուկրաինայի հետ սահմանը, դա նոր ներխուժում կլինի, և այն արագորեն կարձագանքվի Միացյալ Նահանգների և մեր դաշնակիցների դաժան և միասնական պատասխանով: Նախագահ Բայդենը բազմամյա փորձով տեղյակ է նաև, որ ռուսներն ագրեսիվ գործողությունների հսկայական զինանոց ունեն, ռազմական գործողություններից բացի, այդ թվում՝ կիբեռհարձակումները և ռազմականացված մարտավարութունը: Եվ այսօր նա հաստատել է, որ ռուսական ագրեսիայի այդ ակտերը կհանդիպեն վճռական, փոխադարձ և միասնական արձագանքի»,- ասվում է Փսակիի հայտարարության մեջ: 

Այսօր կայացել է Բայդենի ասուլիսը՝ նվիրված նախագահի պաշտոնավարման ստանձնման մեկամյակին: Ասուլիսի ընթացքում նա անդրադարել է ռուս-ամերիկյան հարաբերություններին, ինչպես նաև Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակին:

Բայդենը բացառել է առաջիկայում Ուկրաինայի միացումը ՆԱՏՕ-ին, սակայն զգուշացրել է, որ ՌԴ ներխուժումն Ուկրաինա կհանգեցնի Երկրորդ աշխարհամարտից ի վեր ամենալուրջ հետևանքների:

Tert.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն